ՀՍՀ/ԶԱՐԴԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ
ԶԱՐԴԱՐՅԱՆ Ռուբեն (1874, Սևերեկ գավառ, Արևմտյան Հայաստան — 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ գրող, խմբագիր, հրապարակախոս: 1876-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Խարբերդ, որտեղ և Զ. ստացել է կրթություն` աշակերտելով Հ. Թլկատինցուն: 1892—1903-ը Զ. ուսուցչություն է արել Մեզրեի ազգային կեդրոնական վարժարանում: Քաղ. գործունեության համար ձերբակալվել է (1903—04): Ազատվելով, 1905-ին անցել է Բուլղարիա և հաստատվել Պլովդիվ քաղաքում: 1908-ի Երիտթուրքական հետափոխությունից հետո վերադարձել է Կ. Պոլիս: 1910-ին լույս է տեսել «Ցայգալույս»ը: Զ. ստեղծագործել է տարբեր Ժանրերով` չափածո և արձակ բանաստեղծություն («Մենավոր ծառը», «Գամբռը», «Լեռան եղնիկին», «Բագինին փառաբանությունը»), վիպակ ու նորավեպ («Սև հավը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սերը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթ («Քարացածները», «Ծովակին հարսը»), լեգենդ («Յոթ երգիչները», «Բռնավորին արցունքը», «Ով որ սուլթան մը ունի իր հոգիին մեջ»), որոնք լայն հնարավորություն են ընձեռել այլաբանական ընդհանրացումների համար: Զ. գրել է նաև մի շարք գրականագիտական հոդվածներ` «Վաղվա գրականությունը» (1900), «Թլկատինցի» (1908), «Ավ. Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմը» (1910) ևն: Կազմել ու հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (վեց գիրք): Թարգմանություններ է կատարել Մ. Գորկուց, Վ. Կորոլենկոյից, Է. Վերհարնից, Պ. Շելլիից, Վ. Հյուգոյից, Օ. Ուայլդից, Ա. Ֆրանսից: Զ-ի «Ցայգալույսը»1912-ին Փարիզում հրատարակվել է ֆրանսերեն
Երկ. Ամբողջական երկեր, մաս I, Փարիզ, 1930: Ցայգալույս, Վնտ., 1959:
Գրկ. Ռ. Զարդարյանի «Ցայգալույսը», Գրական ասուլիսներ. 4, ԿՊ, 1913:
