Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԴԱՐՎԵՍՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԴԱՐՎԵՍՏ, կերպարվեստի բնագավառ, ծառայում է մարդուն շրջապատող միջավայրը զարդարելուն: Սկզբնավորվել և զարգացել է շատ հնուց: Օգտագործվել են կայուն նյութեր (փայտ, կավ, խեցի, ոսկոր, քար, մետաղ, ապակի, գործվածք, թել, թուղթ, մագաղաթ ևն): Ըստ այժմ, ստեղծվել են հատուկ գործիքներ` մուրճ, հատիչ, փորագրիչ, հղկիչ, ասեղ, հելուն, գրիչ, վրձին ևն, որոնցից էլ` համապատասխան զարդատեսակների անունները, զարդաքանդակ կամ քանդակազարդ, դրվագազարդ, կոստղազարդ, ակնազարդ, փորագրազարդ, ասեղնազարդ, գորգազարդ, խճազարդ, նկարազարդ (ծաղկազարդ), դրոշմազարդ ևն: Զարդարվել են մարդկանց և կենդանիների մարմինները, մարդու մաշկը (վիտում), վարսերը, հագուստը, տնային կահկարասին, գործիքները, զենքերը, նվագարանները, խաղալիքները, գերեզմանները, աշխարհիկ ու կրոնական կառույցները, պաշտամունքային առարկաները, գրքերը ևն: Հաճախ որպես զարդ օգտագործվել են զանազան իրեր (ատամներ, փետուրներ, ակնունք, հասարակ քարեր): Զարդերը լինում են գունավոր և անգույն, բնական տեսքով կամ ոճավորված: Հատուկ նշանակություն է տրվել զուգակշռությանը (սիմետրիա) և ռիթմին: Պատկերվել են իրական և երևակայական ձևեր: Զարդամոտիվները հանդիպում են ինչպես առանձին միավորներով, այնպես էլ պարզ կամ բարդ հարակցումներով, միահյուսումներով: Տարբերվում են` մակերեսադիր (ցայտազարդ, խորազարդ, գծազարդ, դրոշմազարդ), ներհյուսվածքային (ասեղնազարդ, գորգազարդ, զամբյուղազարդ) և առարկայական ձևերով (ամրացված կամ շարժական) զարդեր: Անցյալում զարդապատումը իրականացվել է միմիայն ձեռքի աշխատանքով, հետագայում, կաղապարների և տեխնիկայի օգնությամբ, մշակվել բազմաքանակ արտադրության եղանակը: Զ. հայտնի է սկսած քարի դարից: Այն ժող. արվեստ է: Զարդաձևերն անանուն են: Չնայած ազդեցություններին ու փոխազդեցություններին, մարդկային յուրաքանչյուր խմբավորում, ցեղ, ժողովուրդ զարդարվել է ինքնուրույնաբար: Զ. միջազգային արվեստ է ոչ միայն տարածմամբ, այլև մոտիվների նմանությամբ: Այն բաժանվում է` ա. կենդանական, բ. երկրաչափական, գ. բուսական և դ. այլ բնույթի` երկնային լուսատուների (արև, լուսին, աստղեր), երկրային տեսարանների (լեռներ, ջրեր), աշխատանքային-իրողությունների (կառույցներ, կարասիներ, գործիքներ) հետ կապված զարդախմբերի: Գոյություն ունեն ոճով միմյանցից տարբերվող մի շարք զարդաշխարհներ` հնդ., չինական, եգիպտական, հին արևելյան, կովկասյան, հունա-հռոմեական, սլավոնական, միջինասիական, սկանդինավյան ևն: Զ-ի մոտիվները բաժանվում են աշխարհիկ և կրոնական զարդախմբերի: Առաջինները կապվում են բնական իրողությունների, առօրյա զբաղմունքի և կենցաղի հետ: Երկրորդների վրա նկատելի են անիմիստական, տոտեմական պատկերացումների ազդեցություններ: Հետագայում նրանց փոխարինել են կենդանակերպ, ապա` մարդակերպ, աստվածությունների գաղափարները: Նշված խմբերը ոչ միշտ են որոշակիորեն տարբերվում միմյանցից: Տես նաև Զարդապատկեր:

Գրկ. Մնացականյան Ա. Շ., Հայկական զարդարվեստ, Ե., 1955: Стасов В В., Славянский и восточный орнамент по рукописям древнего и нового времени, СПБ, 1887 Encyclopedia of World Art, X, N. Y.—Toronto—L., 1965 (էջ 833-50, տախտակ 431—42):