ՀՍՀ/ԶԱՐԴԱՔԱՆԴԱԿ
ԶԱՐԴԱՔԱՆԴԱԿ, զարդարվեստի, բնագավառներից, ուր զարդարումն իրագործվում է քանդակման եղանակով: Նեղ իմաստով Զ. կապվում է քարի հետ, որը դեռևս քարի դարից հանդիսացել է զարդարման գլխավոր նյութը: Այդ ժամանակներից պահպանվել են Զ. արձանիկներ, ժայռաքանդակներ և քարե զարդարուն առանձին առարկաներ: Զ. լայն զարգացում է ապրել ճարտյան առաջընթացին զուգահեռ` ինչպես պաշտամունքային կառույցների, բնակարանների, օժանդակ շենքերի, այնպես էլ առանձին կոթող-հուշարձանների վրա: Զ-ի մոտիվները նույնն են, ինչ առհասարակ զարդարվեստի մշակած մոտիվները, որոնք նյութի, գործիքների և համապատասխան պայմանների հետևանքով ունեն որոշակի առանձնահատկություններ: Հայ ժողովուրդն ունի իր հնամենի և հարուստ Զ., որի ակունքները հասնում են մինչև քարի դար: Այդ ժամանակներից են վերջերս Սյունիքում, Գեղարքունիքում և այլուր հայտնաբերված ժայռապատկերները: Հայկ. Զ-ի հին ու մեծարժեք հուշարձաններից են «Վիշապ» կոչված քարակոթողները` իրենց զարդամոտիվներով: Հեթանոսական ժամանակների Զ-ի եզակի հուշարձան է Տրդատի տաճարը Գառնիում: Միջին դարերում Զ. մեծ զարգացում է ապրել քաղաքաշինության և տաճարաշինության շնորհիվ, ստեղծվել են այնպիսի գլուխ-գործոցներ, ինչպիսիք խաչքարերն են: Ավելի լայն առումով Զ. կարող է ընդգրկել նաև փորագրության, դրվագման և ձուլման միջոցներով ստեղծված զարդարանքի բնագավառները: Այստեղ, ինչպես մշակվող նյութի տեսակները (փայտ, ոսկոր, մետաղ ևն), այնպես էլ գործիքներն ու մասնագիտական իմացությունները տարբեր են: Ընդհանուր է միայն նյութի մակերեսին տարբեր եղանակներով իրականացված զարդապատկերի տեղադրման սկզբունքը (խորադիր, բարձրադիր, հյուսածո ևն): Դրվատմամբ և ձուլմամբ ստեղծված զարդարվեստը առավելապես ուշ շրջանի արդյունք է` պայմանավորված մետաղներից օգտվելու գյուտերով: Հայկ. զարդարվեստում մեծ տեղ ունեն փորագրության, դրվագման և ձուլման եղանակով ստեղծված հին ու նոր զարդամոտիվները: Ժամանակակից արվեստը զարգանում է Զ-ի ողջ հարստության օգտագործմամբ: Հայ սովետական ճարտ. ու դեկորատիվ կիրառական արվեստը, ստեղծագործաբար յուրացնելով զարդարվեստի հարուստ ավանդները, ստեղծում է նոր ու ինքնատիպ զարդատեսակներ:
Գրկ. Մնացականյան Ա. Շ., Հայկական զարդարվեստ, Ե., 1955: Алексеев С., Архитектурный орнамент, М., 1954.
