Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԴՀՆՉՅՈՒՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԴՀՆՉՅՈՒՆՆԵՐ, оռնամենտիկա (լատ. ornamentum — զարդարանք), մեղեդիի հիմնական կաոուցվածքից դուրս գտնվող, բայց նրա ամբողջական արտահայտչությունը ստեղծելիս նույնքան կարևոր, կարճ տևողություն ունեցող լրացուցիչ «զարդարող» հնչյունները: Ծագում են իմպրովիզացիայի արվեստից, հանդիպում բոլոր ժողովուրդների ժող. երաժշտության մեջ` հանդես գալով որպես ազգային ոճը բնորոշող մի գործոն: Հատկապես առատ ու բազմատեսակ են Արևելքում: Հայ ժող. (գյուղական) երգ ու նվագում կարճ տևողության հնչյունները մեծ մասամբ մեղեդիի հիմնական հնչյուններն են, ուստի Զ., չնայած թվացող առատությանը, համեմատաբար սակավ են: Մասնագիտացված երաժշտության մեջ սկզբնապես «զարդարող» հնչյուններով մեղեդիի հարստացումը իրականացնում էր կատարողն իր ճաշակով` որպես իմպրովիզացիա: Հետագայում առանձնացան Զ-ի կայուն տիպեր` մելիզմներ, որոնք սկսեցին գրի առնել իրենք` կոմպոզիտորները, մանր նոտաներով (տակտի տևողության հաշվից դուրս) կամ պայմանական նշումներով: Մեկ նշանով «զարդարող» դարձվածքներ նշելը կիրառվել է դեռես Նևմերում, հին հայկ. նոտագրությունը ևս ունի հատուկ «զարդախազեր»: Զ. առատացան XVIII դ. ֆրանս. կլավեսինային երկերում, որպես հնչյունները «երկարացնող» միջոց` կապված նաև այն բանի հետ, որ այդ նվագարանի ձայնը շուտ է մարում: Վոկալ Զ. լայնորեն զարգացան օպերայում: Դասական երաժշտության մեջ մելիզմներից օգտագործվում են ֆորշլագ, տրել, մորդենտ, գրուպետո, ինչպես և մի քանի ոչ հաստատուն տեսակներ` ֆիոտուրա, կոլորատուրա ևն: