ՀՍՀ/ԶԱՐԵՀԱՎԱՆ ՔԱՂԱՔ
ԶԱՐԵՀԱՎԱՆ, քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում, Արածանի գետի աջ ափին, Բագավանի մոտ, Թավրիզ—Կարին—Տրապիզոն ճանապարհի վրա: Առաջին անգամ հիշվում է մ. թ. ա. II դ.: Փավստոս Բուզանդի վկայությամբ, Զ. IV դ. եղել է նշանավոր քաղաք: Այստեղ հայերից բացի բնակվում էին հրեաներ, որոնց տեղափոխել էր Տիգրան Բ Մեծը: Սակայն նույն դարի 60-ական թթ. պարսկ. զորքերը, Հայաստանի մի շարք այլ քաղաքների հետ միասին, ավերեցին Զ.: Ըստ Փավստոս Բուզանդի, պարսից շահ Շապուհ II 368—369-ին Զ-ից բռնությամբ տեղահանել և Պարսկաստան է գաղթեցրել 5 հզ. ընտանիք հայ և 8 հզ. հրեա բնակչություն: Դրանից հետո Զ. վերածվել է մի սովորական գյուղի: 450-ին Զ-ում հայ ապստամբները կոտորել են պարսից մոգերին: Զ. հիշվում է նան 655-ին, արաբ, արշավանքների ժամանակ: Արաբ, հետապնդվելով բյուզանդացիներից, ապաստանել են այստեղ: Զ-ում է ծնվել Թոնդրակյան շարժման հիմնադիր ու ղեկավար Սմբատ Զարեհավանցին: Զ. այժմ ավերակ է:
Գրկ. Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822, էջ 410—411: Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890:
