ՀՍՀ/ԶԱՐԻՇԱՏ ԱՎԱՆ
ԶԱՐԻՇԱՏ, ավան Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառում: Աղիովիտի Զարիշատ քաղաքից տարբերելու համար Մովսես Խորենացին հիշատակում է «Զարիշատ Վանանդայ»: Գտնվում է Ախուրյանի Զարիշատ և Մեծագետ վտակների միջև: Ըստ Ղ. Ալիշանի, Զ. եղել է արքունական ամուր դաստակերտ, որը կառուցվել է Արտաշես Ա-ի (մ. թ. ա. 189—160 թթ.) օրոք և նրա որդի Զարեհի անունով կոչվել է Զարեհաշատ, հետագայում դարձել է Զարիշատ: Այնուհետև Զ. ավանի անունը երկար ժամանակ չի հիշվում: 1878-ի Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրով պատմական Վանանդ գավառը միացվեց Ռուսաստանին և Զ. վարչականորեն մտավ նոր կազմակերպված Կարսի մարզի մեջ: XIX դ. վերջերին ավերակ Զ-ի տեղում բնակություն հաստատեցին ռուս մալականներ, որոնք հիմնադրեցին Գրենադերսկոյե գյուղը: Վերջինս XX դ. սկզբներհն ուներ 344 (63 ընտանիք) ռուս բնակիչ, որոնք 1920-ի հայթուրքական պատերազմի ժամանակ բռնությամբ տեղահանվեցին թուրքերի կողմից, իսկ Զ. Կարսի 1921-ի պայմանագրով նորից անցավ Թուրքիային:
Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ,, 1890: Պողոսյան Ա. Մ., Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում. 1878 —1920 թթ., Ե., 1961:
