ՀՍՀ/ԶԱՐԻՖՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ԶԱՐԻՖՅԱՆ Հովհաննես Գևորգի, 23.3 (4.4).1879, Ալեքսանդրապոլ — 9.7.1937, Ռւոլըսթոն, Նյու Յորքի մոտ, հայ դերասան: 1892—94-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Բեմական գործունեությունն սկսել է 1897-ին, Թիֆլիսում, Յոհանի դերով (Ֆ. Կարեևի «Չարագուշակ քայլ»): 1899—1903-ին աշխատել է Հայ դերասանական խմբում: Հյուրախաղերով շրջագայել է Ալեքսանդրապոլում, Շուշիում, Արմավիրում, Մոզդոկում, Աստրախանում և այլուր: Հետագա տարիներին աշխատել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության խմբում, խաղացել Սարգիս, Գիքո, Պեպո (Գ. Սունդուկյանի «Էլի մեկ գոհ», «Պեպո»), Կիպար, Օգսեն, Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Օթարյան (Շիրվանգադեի «Պատվի համար»), Ալեքսանդր (Վ. Փափազյանի «Ժայռ») են: Այդ և հետագա տարիներին Զ. դարձել է XX դ. հայ խոշորագույն Շեքսպիրյան դերասաններից մեկը: Զ. եղել է թատերական գործի կազմակերպիչ: 1909—10-ին 0. Մայսուրյանի, 0. Սևումյանի հետ խումբ կազմած շրջագայել է Թուրքիայի քաղաքներում (Կ. Պոլիս, Իզմիր և այլուր): 1911-ին Զ-ի գլխավորությամբ հայ դերասանների մի խումբ առաջին անգամ ելույթ է ունեցել Վանում, Աղթամարում, Հին Բայազետում: 1912-ին մասնակցել է Հայ դերասանական խմբի Մոսկվայում և Պետերբուրգում տված հյուրախաղերին: 1912—1915-ին աշխատել է Բաքվի Հայոց կուլտուրական միության թատերախմբում: 1914-ի գարնանը խումբ կազմած կրկին շրջագայել է Թուրքիայի հայաշատ քաղաքներում: 1915-ին, Մեծ եղեռնից հետո, Զ-ի խաղացանկը էական փոփոխություն է կրել: Բեմականացրել ու բեմադրել է Րաֆֆու «Խենթ»ը, «Դավիթ Բեկ»ը, «Ջալալեդդին»ը և այլ վեպեր ու խաղացել գլխավոր դերերը: 1916—20-ին Զ-ի գործունեության հիմնական ասպարեզը դարձել է Հայաստանը (Երևան, Ալեքսանդրապոլ, Կարս և այլուր): Իր գործունեությունը Զ. շարունակել է նաև սփյուռքում: 1920-ին, երբ թուրքերը կրկին մտան Աեքսանդրապոլ, Զ. մեկնեց Կ. Պոլիս, ապա` Բուխարեստ: 1921-ի մայիսից հաստատվեց Նյու Յորքում: ԱՄՆ-ում կազմակերպել է «Զարիֆյան», «Հայ արվեստ», «Նոր այգ» և այլ թատերախմբեր: 1923—25-ին ԱՄՆ-ում գործել է Հ. Աբելյանի հետ: 1925—29-ին ելույթներ է ունեցել Ռումինիայում (Կոնստանցա, Բուխարեստ), Եգիպտոսում (Ալեքսանդրիա, Կահիրե), Ֆրանսիայում (Մարսել, Փարիզ): 1932—36-ին հանդես է եկել Հարավային Ամերիկայում` Սան Պաուլուում, Մոնտեվիդեոյում և գլխավորապես` Բուենոս Այրեսում:
Գրկ. Բոգեմսկի (Զատիկյան) Ս., Հովհաննես Զարիֆյան, Ե., 1966: Հովհաննես Զարիֆյան, ժողովածու-ալբոմ, Ե., 1977:
