Jump to content

ՀՍՀ/ԶԱՐՅԱՆ ԿՈՍՏԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐՅԱՆ (Եղիազարյան) Կոստան Քրիստափորի (2.2.1885, Շամախի—11.12.1969, Երևան), հայ գրող: Ծնվել է ոուսական բանակի գեներալի ընտանիքում: 1890-ին փոխադրվել է Բաքու: Կարճ ժամանակ ռուս, գիմնազիայում սովորելուց հետո 1895-ին ավագ եղբոր հետ մեկնել է Փարիզ, ավարտել Սեն-ժերմեն կոլեջը, 1901-ին վերադարձել է Կովկաս, ապրել Բաքվում ու Թիֆլիսում: 1904-ին ուսումը շարունակել է Բելգիայում: Բրյուսելի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինն ավարտելով` ստացել է գիտությունների դոկտորի աստիճան: 1908-ին բելգ. հանդեսներում տպագրվել են Զ-ի ֆրանս. առաջին բանաստեղծությունները: Այդ շրջանում դասախոսություններ է կարդացել ռուս գրականության և թատրոնի մասին: 1910—1913-ին Վենետիկում, Մխիթարյանների մոտ, ուսանել է մայրենի լեզու: Այդտեղ էլ 1916-ին հրատարակել է «Երեք երգեր» պոեմների գիրքը` իտալ. (հայերեն հրտ`. 1931): Պոեմների թեմաներով իտալացի կոմպոզիտոր Օ. Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա: 1913 ին Զ. փոխադրվել է Կ. Պոլիս, հրատարակել (Դ. Վարուժանի, Հ. Սիրունու, Ա. Տատուրյանի հետ) «Մեհյան» (1914) հանդեսը: 1915-ին անցել է Բուլղարիա, ապա` Իտալիա, հաստատվել Հռոմում: 1916—20-ին եղել է ճնշված ժողովուրդների ազատագրության ընկերության անդամ: 1919-ին, որպես իտալ. թերթերի հատուկ թղթակից, գործուղվել է Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հայաստան: 1922-ին Կ. Պոլսում հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը (Գ. Գալֆայանի, Վ. Թեքեյանի և Շ. Պերպերյանի հետ): Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո, 1922-ին, ընտանիքով փոխադրվել է Երևան, պետական համալսարանում դասավանդել եվրոպական գրականության պատմություն: 1925-ին դարձյալ մեկնել է արտասահման, վարել աստանդական կյանք (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Մերձավոր Արևելք): ԱՄՆ-ում հրատարակել է «Արմենիան քոր-թըրլի» («Armenian guarterly», 1946) հանդեսը: 1944—46-ին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, 1952—54-ին` արվեստի պատմություն` Բեյրութի ամերիկյան համալսարանում: Ստեղծագործությունների գերակշռող մասը (բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, ճանապարհորդական տպավորություններ) ցրված է սփյուռքահայ և օտար մամուլի էջերում: Առանձին գրքերով հրատարակել է ստեղծագործությունների մի մասը: 1962-ին ընդունել է սովետական քաղաքացիություն և փոխադրվել Երևան: 1962—1969-ին աշխատել է Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանում: Հայ բանաստեղծության նշանակալի երևույթներից է «Տատրագոմի հարսը», այստեղ բացառիկ ուժով տրված են դարասկզբի արևմտահայ գավառի վավերական պատկերը, նրա ողբերգական հակասությունները, և «Նավը լեռան վրա» (1943) վեպը, ուր պատկերում է Հայաստանը սովետական կարգերի հաստատման նախօրեին: Զ. ստեղծել է ժողովրդի ճակատագրի մասին ընդհանրացված փիլ. պատմավեպ: Նավը փոխաբերական նշանակության ունի վեպում, այն. խորհրդանշում է հայկ. պետականության ստեղծման դժվարին ուղին: Գրել է նաև ճանապարհորդական նոթեր («Երկիրներ և աստվածներ», 1935—38)

Երկ. Նավը լեռան վրա, Ե., 1963: Տատրագոմի հարսը. Ե., 1965: