ՀՍՀ/ԶԱՐՅԱՆ ՆԱԻՐԻ
ԶԱՐՅԱՆ Նաիրի, Հայաստան Եղիազարի Եղիազարյան, 31.12.1900, գ. Խառակոնիս (վանի վիլայեթում) — 11.7. 1969, Երևան, հայ սովետական բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1930-ից: Մանուկ հասակում զրկվել է ծնողներից: 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան, մինչև 1921-ը ապաստանել Դիլիջանի ու Երևանի որբանոցներում: 1918-ին, որպես աշխարհազորային, կռվել է Արևելյան Հայաստան ներխուժած թուրքերի դեմ: 1921-ին ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1927-ին` Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1933-ին` Լե նինգրադի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան: 1922-ին մտել է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի մեջ: 1927—28-ին եղել է «Աշխատանք», «Անաստված», «Գրական դիրքերում» ամսագրերի պատասխանատու քարտուղարը, 1934—36-ին` «Գրական սերունդ» ամսագրի խմբագիրը: 1933-ին ընտրվել է Հայաստանի գրողների միության կազմկոմիտեի նախագահության պատասխանատու քարտուղար, 1934-ին` սովետական գրողների համամիութենական առաջին համագումարի պատգամավոր: Եղել է Հայաստանի սովետական գրողների միության նախագահ (1944—46), խա-դաղության պաշտպանության սովետական կոմիտեի անդամ, խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ, արժանացել «Խաղաղության մարտիկին» ոսկե մեդալի: Ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ (1951—58), պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով: Զ-ի առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1918-ին, Թիֆլիսի «Վան-Տոսպ» թերթում: 1926-ին լույս է տեսել առաջին ժողովածուն` «Ջրանցքի կապույտ երկրում»: Քաղաքացիական պատերազմին ու սոցիալական վերափոխումներին են նվիրված «Հրանուշ» (1925), «Նոյեմբերյան օրերին» (1926), «Կառուցողներ» (1927) պոեմները: կոլեկտիվացման տարիներիս Զ. աշխատել է գյուղում` որպես Հայաստանի կոմկուսի Կենտկոմի լիազոր և անմիջական տպավորությունների տակ գրել «Ռուշանի քարափը» (1930), «Մաքո Միկինյան» (1933) պոեմները, «Հացա վան» (1937) վեպը: Վերածնված Հայաստանի, նոր իրականությունը կերտողների մասին են «Հարվածներ» (1933), «Ամրոց» (1935) Ժողովածուներում ամփոփված բանաստեղծությունները: Ժողովրդի թեման, որ մարմնավորված է «Ռուշանի քարափ» ում, հետագա զարգացում է ստանում Զ-ի 30-ական թթ. քնարերգության մեջ Նրա հրապարակախոսական պոեզիայի համար հատկանշական են դառնում հախուռն թափն ու զգացումների շիկացածությունը («Վերածնունդ», 1937): Այդ տարիներին Զ. ստեղծում է համաշխարհային արվեստի «հավերժական գագաթներին» նվիրված բանաստեղծությունների շարքը («Պանթեոն»)` «Ֆիրդուսի» (1934), «Երկու հանճարեղ գլուխ» (1934), «Ա. Ս. Պուշկինին» (1936), «Կոմիտաս» (1939): Հետագայում դա համալրվեց «Խաչատուր Աբովյան» և «Ազատության զինվոր» բանաստեղծություններով: 30-ական թթ. վերջերին և 40-ական թթ. սկզբներին Զ. գրեց քնարաշունչ բանաստեղծությունների շարք («Հայրենի տուն», 1940, «Ես չեմ ունեցել անհոգ մանկություն», 1941), որոնք որակական տեղաշարժ էին նրա պոեզիայում: 20-ական թթ. վերջերին Զ. դիմեց երգիծանքին, որը գգայի տեղ գրավեց նրա ստեղծագործության մեջ («Վարդան Վարազյան», 1929, «Հին պատմություն», 1934, «Վեպի հերոսները», 1935 ևն): Զ. հանդես է եկել նաև առակներով: Զ. բազմաթիվ ուշագրավ էջեր է թողել պատերազմական ժամանակաշրջանի բանաստեղծական տարեգրության մեջ: Նա այդ տարիներին հրատարակել է «Մարտակոչ» (1941), «Վրեժ» (1942), «Շիկացած հոգով» (1943), «Լսեք, դարեր» (1943) բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուները: Դա բոցերից ծնված, առնական, ճշմարտապատում պոեզիա էր: Զ. բացահայտում էր պատերազմի ողբերգական բնույթը, հավաստում սովետական ժողովրդի հաղթանակի հավատը: Համաժողովրդական ճանաչման է արժանացել Զ-ի «Ձայն հայրենական» (1943) պոեմը: Լենինգրադի հայ պաշտպաններին է նվիրված «Անմահության պարը» (1942) պոեմը: «Ցասման զավակը» (1942) ակնարկների գրքում նկարագրել է Սովետական Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի սխրագործությունը: Պատերազմի տարիներին հանդես է եկել նաև հրապարակախոսական հոդվածներով ու ակնարկներով, որոնցից հատկանշական է «Տավրիդյան պարանոցում» (1942) ռազմաճակատային ակնարկաշարը: 1940-ին լույս է ընծայել «Արշակ և Շապուհ» պոեմը, որը վերահրատարակվեց պատերազմի տարիներին` ունենալով արդիական հնչեղություն: Զ-ի բանաստեղծական արվեստի գագաթնակետն է «՛Արա Գեղեցիկ» (1946) ողբերգությունը: «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի հիման վրա Զ. կերտել է ինքնօրինակ մի երկ` տալով այն գաղափարը, որ անհատի ճակատագիրը կախված է ժողովրդի ու հայրենիքի ճակատագրից: Հայ պատմագրության և անտիկ դասականության ավանդույթները մարմնավորող այդ գործը բեմադրվել է Լենինականի Ա. Մռավյանի անվ. դրամատիկական թատրոնում (1946), Գ. Սուն դուկյանի անվ. ակադեմիական թատրոնում (1965): Ետպատերազմյան տարիներին Զ. մշակել է ստեղծարար աշխատանքի, խաղաղության, ժողովուրդների բարեկամության, սովետական հայրենասիրության թեմաներ: Այդ շրջանի բանաստեղծական ցայտուն վավերագիրը եղավ «Խաղաղություն» շարքը (1950—59): Զ. եղել է աշխարհի շատ երկրներում, հրատարակել բազմաթիվ ուղեգրություններ, որոնցից ուշագրավ է «Ճապոնիա» ակնարկաշարը: Ետպատերազմյան տարիներին Զ. կրկին անդրադարձել է գյուղի թեմային, ավարտել «Հացավան» վեպը (1947, վերամշկ. հրտ. 1949): Զ. դիմել է նաև ինքնակենսագրական վեպի ժանրին, գրել «Պարոն Պետրոսը և իր նախարարները» (1956, հրտ. 1958) վեպը, որը պատկերում է Հայաստանի ողբերգական պայմաններում երիտասարդ սերնդի աշխարհայացքի կազմավորման բարդ, ներքին հակասություններով լի պրոցեսը: Կյանքի վերջին տարիներին Զ. աշխատում էր հուշագրական բազմահատոր գրքի` «Երկրորդ կյանք»ի վրա, որն անավարտ մնաց: Մեծ են Զ-ի ծառայությունները արդիական թեմայով հայ դրամատուրգիայի զարգացման գործում: Նրա գրչին են պատկանում «Տնամերձ այգի» (1947), «Աղբյուրի մոտ» (1950), «Փորձադաշտ» (1952) և այլ կատակերգություններ, որոնք բեմադրվել են հանրապետության թատրոններում: 1968-ին Զ. գրեց «Արտավազդ և Կլեոպատրա» ողբերգությունպոեմը: Զ-ի վերջին շրջանի նշանակալից ստեղծագործություններից են «Սասունցի Դավիթ» դյուցազներգության արձակ վերապատումը («Սասնա Դավիթ», 1966) և «Սպասում եմ քեզ» (1968) բանաստեղծությունների ժողովածուն, որոնք արժանացան ՀՍՍՀ պետ. մրցանակի: Զ-ի գրական ժառանգության անբաժան մասն են նրա թարգմանությունները Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Ն. Նեկրասովի, Վ. Բրյուս п վի, Ա. Եսենինի, Վ. Մայակովսկու, Ե. Բագրիցկու, Մ. Պրոկոֆևի, ինչպես նաև` ուկր., բելոռուսական, վրաց., ադրբ. բանաստեղծների ստեղծագործություններից: Զ. հրատարակել է ճապոնական պոեզիայից կատարած թարգմանությունների երկու ժողովածու` «Հոքուներ և թանկաներ» (1965), «ճապոնական ծաղկեփունջ» (1966): Զ-ի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով ինչպես Սովետական Միությունում, այնպես էլ արտասահմանում
Երկ. Երկեր, հ. 1-5, Ե., 1945—56: Երկեր, հ. 1—7, Ե., 1962 — 72:
Գրկ. Աղաբաբյան Մ., Նաիրի Զարյան, Ե., 1954: Ավագյան Մ., Նաիրի Զարյանի ստեղծագործության լեզուն և ոճը, Ե., 1961:
