ՀՍՀ/ԶԱՐՆՋԱ
ԶԱՐՆՋԱ, Զառինճ, Զարինճի, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո: Գյուղի հս. մասում է VII դ. Ս. Խաչ քառակոնք գմբեթավոր եկեղեցին, արտաքուստ` հնգանիստ կոնքերով, ավագ խորանին հս-ից կից ուղղանկյուն խորանավոր սենյակով, արմ-ից և հվ-ից` մեկական մուտքով: Կոնքերը եզերող կամարները կազմում են գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկին առագաստների միջոցով է, որոնք իրենց ստորին սուր անկյունների փոխարեն ունեն տրոմպներ: Ութնիստ թմբուկը արտաքուստ մշակված է ոլորուն որմնասյուներով և դրանք կապող որմնակամարներով: Վեղարը հովանոցաձև է: Հուշարձանը բազմիցս նորոգվել է և պարունակում է թե VII դ. (հատակագծային հորինվածքը, պայտաձև, թեթևակի-երկկենտրոն կամարները, որմնասյուների խոյակները ևն) և թե X—XI դդ. (հովանոցաձև վեղարը ևն) հայ ճարտ. հատկանշական տարրեր:
