Jump to content

ՀՍՀ/ԶԱՐՈԲՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐՈԲՅԱՆ Յակով Նիկիտայի, ծն. 25.9.1908, Արդվին (Բաթումի մարզ, այժմ` Թուրքիայում) կուսակցական պետական գործիչ: ՍՍԿԿ անդամ 1932-ից: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ընտանիքով գաղթել է Խարկով: 1933-ին ընդունվել է Խարկովի էլեկտրատեխնիկական ինստ-ը, որն ավարտելուց հետո աշխատել է Խարկովի էլեկտրամեխանիկական գործարանում: 1939—41-ին եղել է ՈՒԿԿ Խարկովի Մոսկովյան շրջկոմի քարտուղար, 1942—47-ին` կուսակցության Օմսկի մարզային կոմիտեի բաժնի վարիչ, ապա` մեքենաշինական արդյունաբերության գծով մարզկոմի քարտուղարի տեղակալ, 1947-ից` քարտուղար: 1949-ից Զ. գործուղվել է Հայաստան, ուր աշխատել է ՀԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ, ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար (1950-ից), ՀՍՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ (1952-ից), 1953-ի նոյեմբերից` ՀԿԿ ԿԿ-ի երկրորդ քարտուղար, 1958-ի հուլիսից` ՀՍՍՀ Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալ, 1960-ի նոյեմբերից` ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար: 1966-ի փետրվարից ՍՍՀՍ էլեկտրատեխնիկական արդյունաբերության մինիստրի տեղակալն է: Զ. ընտրվել է ՍՍԿԿ ԿԿ-ի, ՀԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամ, եղել է ՍՍՀՄ և ՀՍՍՀ VI գումարումների Գերագույն սովետների դեպուտատ: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով: