Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐԵ Բ ՄԵԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐԵ Բ ՄԵԾ (ծն. թ. անհտ.—1212), իշխան, զորավար, պետական քաղաքական գործիչ: Ամիրսպասալար Սարգիս Մեծ Երկայնաբազուկի և Սահակադուխտ Արծրունու որդին: 1191-ին վրաց Թամար թագուհուց ստացել է ամիրսպասալարի (վրաց-հայկական զորքերի գերագույն հրամանատար), 1203-ին` մանդատոր-թուխուցեսի (արքունի կնքապահ և թագուհու թիկնազորի պետ) պաշտոնները` դառնալով պետության առավել ազդեցիկ դեմքը: Հրապարակել է արքայական հրամանագրերն ու կարգադրությունները, գլխավորել բոլոր արշավանքներն ու պատերազմները` վերջիններիս ժամանակ թագուհուց ստանալով նաև արքայական դրոշը: Որպես ամիրսպասալար և, մանդատորթուխուցես, ուներ մշտական բնակատեղի` Լոռի քաղաքը: Գլխավորելով հայ-վրացական միացյալ բանակը` Զ. Բ Մ. եղբոր` Իվանե Աթաբեկի հետ ավելի քան քսան տարի շարունակ ազատագրական կռիվներ է մղել Հայաստանի կենտրոնական ու հվ. շրջաններում որջացած սելջուկյան ամիրայությունների դեմ: 1195-ի Շամքորի ճակատամարտում հաղթել է Ելտկուզյաններին, 1196-ին գրավել Ամբերդը, 1199-ին` Անին, 1201-ին` Բջնին, 1203-ին` Դվինը, նույն թվին փայլուն հաղթանակ տարել Բասենում, 1206—07-ին ազատագրել Կարսը, այնուհետև.` Սուրմալուն, Բագրևանդը, Նախճավանը, 1208—09-ին` Մանազկերտն ու Արճեշը, 1209-ի վերջին պաշարել Էյուբյանների կենտրոն Խլաթը և 1210-ին 30-ամյա հաշտության պայմանագիր կնքել նրանց հետ: 1210—11-ին մեծ արշավանք է կատարել Ատրպատական` գրավելով Մարանդը, Թավրիզը, Ղազվինը ևն: Այս կռիվների հետևանքով ազատագրվել է հս-արլ. Հայաստանի մեծագույն մասը, հիմնվել Զաքարյանների իշխանությունը, իսկ Կարինի և Երզնկայի ամիրաները դարձել են Թամար թագուհու հարկատուներ: Զ. Բ Մ. հովանավորել է նաև խաղաղ շինարարական աշխատանքները: Վերականգնվել են ավերված քաղաքներն ու գյուղերը, կառուցվել ջրանցքներ, կամուրջներ, ճանապարհներ ևն: Զ. Բ Մ. խոշոր հեղինակություն է վայելել նան Կիլիկյան Հայաստանում: Դավանաբանական հարցերի կապակցությամբ բանակցություններ է վարել Լևոն Բ-ի հետ, նախաձեռնել ու հրավիրել Լոռու (1205) և Անիի (1207) ժողովները ևն: Զ. Բ Մ-ի այս ձեռնարկումներին իր հորդորներով ու խորհուրդներով մեծ օգնություն է ցույց տվել նրա հոգևոր հայր Մխիթար Գոշը: Ազատագրված Հայաստանի տարածքում կազմավորված հայկ. վասալական իշխանություններն իրենց սյուզերեն` «պարոն» կամ «պարոն Հայոց» են ճանաչել Զ. Բ Մ-ին: Շիրակը և հարևան գավառները դարձել են Զ. Բ Մ-ի և նրա հաջորդների տոհմական սեփականությունը, իսկ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին` նրա աթոռանիստը: Զ. Բ Մ-ին է անցել հայ Բագրատունիների «շահնշահ» տիտղոսը: Անվանվել է նաև «թագավոր հայոց», «կեսարոս», «ինքնակալ» կամ «մանդատորթուխուցես, ամիրսպասալար Հայոց և Վրաց, շահնշահ Զաքարիա»: Մահացել է հիվանդությունից և թաղվել Սանահնի վանքի` Զաքարանների տոհմական դամբարանում: Հառիճի վանքում պահպանվել է Զ. Բ Մ. և Իվանե Ա եղբայրների բարձրաքանդակը:

Գրկ. Մելիքսեթ Բեկ L., Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. 2, Ե., 1936: Կիրակոս Գանձակեցի Պատմություն Հայոց, Ե., 1961: Երեմյան Մ., Ամիրսպասալար Զաքարիա Երկայնաբազուկ, Ե., 1944: Պ: