Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐԻԱ ԱԳՈՒԼԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐԻԱ ԱԳՈՒԼԵՑԻ (1630, Ագուլիս — 1691), հայ ճանապարհորդ, վաճառական: 1647—81-ին, առևտրական գործունեության ընթացքում, եղել է Իրանում, Թուրքիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, ճանապարհորդությունները նկարագրել «Օրագրական (ժամանակագրություն) Զաքարիայ Աղամիրեան (գրեալ) յԱգուլիս և յայլ և յայլ քաղաքս (Եւրոպիոյ և Ասիոյ) սկսեալ ի ՌՃՁՂ. (1647) թուականէ Հայոց ց ՌՃԺԳ (1664) թիւն» կարմիր թանաքով ավելացված է` ՌՃԼԳ (1684) օրագրում» («դաֆթարում»), որը գրված է ժամանակի խոսակցական լեզվով: Զ. Ա. տեղեկություններ է տալիս XVII դ. 2-րդ կեսի Հայաստանի, հարևան և եվրոպական մի շարք երկրների բնության, բնակչության, ցամաքային և ծովային ճանապարհների, ներքին և միջազգային առևտրի, տնտ. և քաղ. կյանքի տարբեր բնագավառների, Հայաստանում գյուղական համայնքի կառուցվածքի, ներքին հակասությունների, համայնքից պետ. ու կալվածատիրական հարկերի գանձման ձևերի, վարչական կառուցվածքի, ժող. հուզումների, խաների կողմից բնակչության հարստահարման վերաբերյալ: Նշում է մթերքների մանրածախ և մեծածախ գները, որոնք գաղափար են տալիս բնակչության կենսամակարդակի մասին: Տեղեկություններ է հաղորդում դրամահատման համակարգի, XVII դ. 2-րդ կեսին Իրանում շրջանառության մեջ գտնվող արծաթե դրամների միջին քաշի և դրանց մոտավոր կուրսի վերաբերյալ Զ. Ա-ու անձնական և ընտանեկան կյանքի նկարագրությունը օգնում է պարզելու ժամանակի կենցաղի վերաբերյալ տարբեր մանրամասնություններ: Օրագրում հիշատակված վարչական, ֆինանսական և հարկային տերմինների մեծ մասը համապատասխանում է նույն ժամանակի պարսկալեզու աղբյուրներում և պաշտոնական վավերագրերում հիշվող տերմիններին, օգնում ճշտելու դրանց իմաստն ու կիրառությունը

Երկ. Զաքարիա Ագուլեցու Օրագրությունը, Ե., 1938: