Jump to content

ՀՍՀ/ԶԱՔԱՐԻԱ Գ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔԱՐԻԱ Գ (ծն. թ. անհտ.—1464), Աղթամարի կաթողիկոս 1434-ից: Հաջորդել է Դավիթ Գ-ին: 1441-ին օժանդակել է կաթողիկոսական աթոռը Սսից (Կիլիկիա) Էջմիածին տեղափոխելուն` ձգտելով տիրանալ դրան: 1459-ին Կարա-Կոյունլու տիրակալ Ջհանշահի օգնությամբ վիժեցրել է Վանը և Աղթամարը վերագրավելու` Վանի նախկին կառավարիչ Ղլիճ-Ասլանի փորձը: Իր ջոկատով հակահարված է տվել նաև Բաղեշի քուրդ ցեղապետներից մեկին: 1460-ին Ջհանշահի օգնությամբ դարձել է Հայոց կաթողիկոս` միավորելով երկու եկեղեցիները: 1461-ին Զ-ի հակառակորդները, Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի գլխավորությամբ, վտարել են նրան Էջմիածնից: Զ. ծպտված փախել է Աղթամար, որտեղ գահակալել է մինչև իր մահը:

Գրկ. Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Վաղ-պատ, 1896: Մանր ժամանակագրություններ. XIII—XVIII դդ., կազմ. Վ. Ա. Հակոբյան, հ. I, Ե., 1951: ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, կազմ. Լ. Մ. Խաչիկյան, մաս 2, Ե., 1958: