ՀՍՀ/ԶԱՔԱՐԻԱ ՔԱՆԱՔԵՌՑԻ
ԶԱՔԱՐԻԱ ՔԱՆԱՔԵՌՑԻ (1627, Քանաքեռ — 1699, Հովհաննավանք), հայ պատմագիր: Ուսումն ստացել է Հովհաննավանքում, որտեղ ձեռնադրվել է սարկավագ և մինչև կյանքի վերջը եղել ուսուցիչ: Նրա «Պատմագրութիւն» աշխատությունը բաղկացած է երեք մասից, սկսվում է Արշակունիների թագավորության և Սասանյան դինաստիայի հաստատման ժամանակաշրջանից մինչև 1699-ը: Երկի հիմնական մասը XVII դ. պատմությունն է, որը Զ. Ք. շարադրել է իբրև ականատես: «Պատմագրութիւն»ը հարուստ նյութ է տալիս Հայաստանի և հարևան երկրների հասարակական տնտեսական կացության, գյուղացիների ծանր վիճակի, ազգագրության վերաբերյալ: Արժեքավոր են Մեխլուի գլխավորած հասարակական շարժման գաղափարախոսության, ընթացքի, նրանում ընդգրկված հասարակական շերտերի ու էթնիկական խմբավորումների մասին տեղեկությունները: Թեև Զ. Ք. իր գնահատականների մեջ դրսևորել է դասակարգային սահմանափակություն, «Պատմագրութիւն»ը կարևոր սկզբնաղբյուր է Հայաստանի և հարևան երկրների XVII դ. պատմության համար
Երկ. Պատմագրութիւն, հ. 1—3, Վաղ-պատ, 1870: Закарий Канакерцы. Хроника, пер. с арм., комментарии М. О. Дарбинян-Меликян, М., 1969.
