ՀՍՀ/ԶԱՔԱՐԻՁԵ
ԶԱՔԱՐԻՁԵ Սերգեյ Ալեքսանդրովիչ, 18.6(1.7).1909, Բաքու 13.4.1971, Թբիլիսի}, վրացի սովետական դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1958): Բեմական գործունեությունն սկսել է 1926-ին: 1928-ից Քութայիսի, ապա Թբիլիսիի Կ. Ա. Մարջանիշվիլու անվ. վրացական թատրոնի, 1956-ից` Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվ. թատրոնի (1969-ից նաև գեղարվեստական ղեկավար) դերասան: Անձնավորել է կոմիկական, ռոմանտիկ, նուրբ հոգեբանական կերպարներ` Ջիբիլո (Կակաբաձեի «Կոլտնտեսականի հարսանիքը»), Փիրոսմանի (Նախուցրիշվիլու «Փիրոսմանի»), Էդիպ (Սոֆոկլեսի «Էդիպ արքա»), Ուրիել Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Լիր (Շեքսպիրի «Արքա Լիր») ևն: Թատրոնում և կինոյում (նկարահանվել է 1934-ից) Զ-ին առանձնապես հաջողվել են ժողովրդի պարզ զավակների կերպարները: Կինոդերերից են` Տորգվայ («Վերջին խաչակիրները», 1934), Շադիման («Գեորգի Սահակաձե», 1942—43), Գեորգի Մախարաշվիլի («Զինվորի հայրը», 1965) ևն: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1946, 1952), լենինյան մրցանակի (1966):
Գրկ. Левин М.Серго Закарадзе, М., 1973.
