ՀՍՀ/ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐ
ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐ (վրաց. աղբյուրներում` Մխարգրձելի` Երկայնաբազուկ), ֆեոդալական տոհմ Հայաստանում XI-XIV դարերում: Ծագում են Մեծ Հայքի Կորճայք նահանգի Կարթունիք գավառից, Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների քրդացած ճյուղից: 1048-ին Մեծ Զավ գետի կիրճում սելջուկների դեմ բյուզանդական գորքի տարած հաղթանակից հետո Զ-ի նախնի Խոսրովը` «հատուածեալ ի քրթաց ի Բաբիրական խելեն» (Կիրակոս Գանձակեցի), իր տոհմով անցնում է Գուգարք և ճանաչում Լոռու թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը` նրանից ստանալով Խոժոռնի գավառակը` համանուն ամրոցով: Լոռին Վրաստանին միացվելուց (1118) հետո Զ-ի նախնիները դարձան վրաց թագավոր Դավիթ Շինարարի վասալները: 1120-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դաոնում են Լոռիի նոր տերերի` Օրբելիների (Օրբելյաններ) վասալ ֆեոդալներ: Այնուհետև տոհմն այս Զաքարիայի անունով հայ մատենագիտության մեջ կոչվում է Զաքարյան: Սակայն Ամբերդում հայտնաբերված (1965) արաբատառ արձանագրության մեջ Սարգիս Մեծի որդիներ Զաքարեն և Իվանեն անվանված են Արծրունի: Այդ փաստարկվում է այն հանգամանքով, որ և մոր կողմից (Սարգիս Մեծը ամուսնացել էր Սահկանաբերդի և Հաղբատի տեր Վահրամ Արծրունու դուստր Սահակադուխտի հետ), և նրանց նախնիները Արծրունիներ էին: Կարթունյաց Արծրունիները թեև քրդացած, բայց մնացել էին քրիստոնյա (նեստորականներ), և հայերը նրանց կոչում էին «քաղդեացի»: Լոռի գաղթելուց հետո նրանք դարձան լուսավորչադավան: 1161-ին վրաց Գեորգի թագավորը Շադդաղյաններից գրաված Անիի կառավարիչ նշանակեց Սարգիս Մեծին, բայց մեկ տարի անց Շադդաղյանները այն նորից գրավեցին: 1177-ին Գեորգի թագավորի դեմ Օրբելիների կազմակերպած ապստամբության ժամանակ Ամիր-Քուրդ Արծրունու խորհրդով Սարգիս Զաքար յանը զորավիգեց թագավորին: 1185-ին Թամար թագուհին Զ-ին դասեց խոշոր ֆեոդալներ դիդեբուլների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնեց ամիրսպասալարի պաշտոնը` Օրբելիների նախկին կալվածքներով (Լոռի) հանդերձ: Նա նաև ստացավ «Մխարգրձել» մականունը, որն այնուհետև դարձավ Զ-ի տոհմանունը (վրացիների մոտ): Զ-ի ազդեցությունը հատկապես մեծացավ 1190-ական թվականներից, Զաքարե և Իվանե եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին վրաց ու հայոց զորքերը և հայերեն արձանագրություններում հիշվում են «ամիրսպասալար Հայոց և Վրաց: Զաքարեն և Իվանեն շուրջ երեսուն տարի պատերազմներ վարեցին սելջուկների դեմ և ազատագրեցին ամբողջ հս-արլ. Հայաստանը, որով և ստեղծվեց Զաքարյանների իշխանությունը, որի մայրաքաղաքն էր 1199-ին ազատագրված Անին: Զ-ի ավագ ներկայացուցիչը նստում էր Անիում, կրում «շահնշահ» տիտղոսը և վրաց Բագրատունիների պետության մեջ թագավորից հետո համարվում առաջին անձը: Զաքարեն 1203-ին Թամար թագուհուց ստացավ նաև մանդատոր թուխուցեսի` պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը: Իվանեն 1191-ին ստացավ մսախուրթուխուցեսի (արքունի մեծ վեզիր) պաշտոնը, իսկ Զաքարեի մահից (1212) հետո դարձավ ամիրսպասալար և արքունի խնամակալ` աթաբեկ (թագավորահայր): Այնուհետև. Զ-ի տոհմը տրոհվում է առանձին ֆեոդալական տների: Զաքարեի որդու` Շահնշահի սերունդը բուն Զ-ի տոհմն էր: Շահնշահի ժառանգ Վահրամի Աբուլ-Զաքարե որդուց առաջացավ Վահրամյան-Գագեցի տոհմը, իսկ մյուս որդին` Սարգիսը, Թամարից ստացավ Ջավախք գավառի հս. մասը` Թմոգվի (Թմկաբերդ) բերդաքաղաքով: Սարգսի տոհմը դառնալով քաղկեդոնական եկեղեցու հետևորդ` վրացիացավ և հայտնի է Թմոգվելի տոհմանունով: Իվանեի դուստր Թամթան 1245-ից դարձավ Խլաթի ամիրայության կառավարիչ: Զ-ի տոհմը խնամիական կապերով կապված էր իրենից վասալական կախման մեջ գտնվող հայկ. ֆեոդալական տների հետ: Մոնղոլ թաթարական տիրապետության ժամանակ Զ. մրցակցության մեջ էին Սահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ` պահպանելով իրենց դիրքը վրաց արքունիքում: Զաքարե Մեծի որդի Շահնշահը մսախուրթուխուցես էր, իսկ Իվանեի որդի Ավագը` ամիրսպասալար ու աթաբեկ: Աբուլ-Զաքարեի որդի Վահրամը դարձավ մսախուրթուխուցես (1213—40), Շահնշահի որդի Զաքարեն` ամիրսպասալար (1230—63): Այս պաշտոնը ժառանգեց նրա որդի Շահնշահը, իսկ վերջինիս եղբայր Իվանեն դարձավ մսախուրթուխուցես: XIV դ. 1-ին կեսին այս Շահնշահի որդի Զաքարեն դարձավ ամիրսպասալար, իսկ նրա եղբայր Իվանեի որդի Վահրամը` աթաբեկ: Զ-ից վերջին ամիրսպասալար է հիշվում Զազան (1345—1380): Այնուհետև մինչև XVIII դ. հիշատակություն չկա Զ-ի մասին: Մոնդոլ-թաթարական (Հուլավյան) տիրապետության ժամանակ Զ-ի տոհմը իլխանների արքունիքում կոչվում է «Արղութ», որը չաղաթայերեն հոմանիշ է Մխարգրձելի տոհմանվան և նշանակում է «երկայնաբազուկ»: XVIII դ. վերջին, երբ Սանահնի կալվածատեր Մխարգրձելիները մտան ռուս, ազնվականության շարքերը, ստացան Արղության-Երկայնաբազուկ (Аргутинский Долгорукий) ազգանունը: Սրանց կենտրոն Սանահին գյուղի վանքում էր Զ-ի տոհմական դամբարանը:
Գրկ. Վարդան Բարձրաբերդեցի Արևելցի, Պատմութիւն տիեզերական. Մ., 1861: Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Շահնազարյանց Ա., Զաքարյան (Երկայնաբազուկ) տոհմի ծագումը, գաղթը դեպի Զորագետ և նախորդները, «Շողակաթ». Ս. Էջմիածնի հայագիտական ժողովածու, գիրք 1, Վաղ-պատ 1913: Տեր Ղևոնդյան Ա., Զաքարիայի և Իվանեի արաբատառ արձանագրությունը Ամբերդում, «ՊԲՀ», 1971, 1:
