ՀՍՀ/ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, Զաքարյանների պետություն, աքարյան Հայաստան, ֆեոդալական իշխանապետություն Հյուսիս-արևելյան Հայաստանում` Զաքարյան տոհմի գլխավորությամբ: Ձևավորվել է XII դ. վերջին և XIII-ի սկզբին` հարատևելով մինչև XIV-ի կեսը: Քաղ. ասպարեզ մտնելով XI դ. վերջին և աստիճանաբար հասնելով բարձր ու ազդեցիկ դիրքի` նախ Կյուրիկյան, ապա վրաց Բագրատունիների արքունիքում` Զաքարյանները XII դ. վերջին կազմակերպեցին ու գլխավորեցին հայ ժողովրդի ազատագրական պայքարը սելջուկյան տիրապետության դեմ: Օգտվելով թուրք-սելջուկյան պետության մասնատումից ու թուլացումից և ոազմա-քաղաքական սերտ համագործակցության մեջ մտնելով հզորացող Վրաստանի և եղբայրական վրաց ժողովրդի հետ` XII դ. վերջին Զաքարյաններն ազատագրեցին Հս-արլ. Հայաստանի մեծագույն մասը և այնտեղ վերականգնեցին հայկ. պետականությունը: Ազատագրական պայքարի ծավալման, ռազմ, հաջողությունների և հայկ. գավառները սելջուկներից ազատագրելուն զուգընթաց փոխվեց նաև Զաքարյանների իրավա-քաղաքական դրությունը, վասալական (վրաց Բագրատունիներից) վիճակից բարձրանալով` նրանք դարձան ազատագրված Հայաստանի ինքնիշխան տիրակալներ: Իրենց իշխանությունը հաստատելով նախկին Բագրատունյաց Հայաստանի տարածքի մեծագույն մասի վրա` Զաքարյանները փաստորեն դարձան հայ Բագրատունիների իրավահաջորդները` սեփականելով նաև նրանց «շահնշահ» տիտղոսը: Ժամանակակիցները Զ. ի. կոչում էին «աշխարհակալություն», «աշխարհակալ տերություն», «պետություն», «պետական իշխանություն», իսկ իրենց` Զաքարյան իշխողներին` նաև «թագավոր», «արքա»` արտահայտելով նրանց իշխանության իրական բնույթն ու փաստական դրությունը: Զաքարյանների պետությունը ըստ ձևի իշխանություն էր, իշխանապետության, ըստ բովանդակության` տիրապետող դասակարգի` աշխարհիկ ու հոգևոր ավատատերերի քաղ. կազմակերպություն, ըստ կառուցվածքի` ավատատիրույթների և վասալական իշխանությունների համակցություն` ընդհանուր տարածքի վրա: Զաքարյանների օրոք Հայաստանի դասակարգային-դասային կազմը զգալի փոփոխություններ էր կրել` կապված թե ռազմաքաղաքական անցուդարձերի, թե երկրի տնտեսության ընդհանուր վերելքի, քաղաքների, արհեստագործության և առևտրա-վաշխառուական կապիտալի աճման ու զարգացման հետ: Շահագործվող գյուղացիության մեջ ավելի էր խորացել սոցիալական շերտավորումը` հանգեցնելով համայնքին հակադրված ու նրանից վեր կանգնած գյուղական ընչեղների խավի առաջացմանը: Այդ խավի և համայնք ներթափանցող դրսեցի մեծահարուստների ջանքերով ավելի է արագանում համայնքի քայքայումը, նրանք զանազան միջոցներով տիրում են համայնապատկան հողերը, երբեմն էլ` իրենց ենթարկում համայնքն ամբողջությամբ: Զուգահեռաբար ընթացող գյուղացիների ճորտացման պրոցեսի հետեանքով շինականության մի մասը բոլորովին ունեզրկվում է և դառնում օրավարձով ապրող: Կան փաստեր շինականների նվիրատվության և առուվաճառքի մասին: Ճորտացումն ընթանում էր դասակարգային սուր պայքարի պայմաններում, որի արտահայտություններից է շինականների վերաբերյալ միևնույն հոդվածի հակադիր խմբագրությունների առկայությունը Մխիթար Գոշի Դատաստանագրքում: Զգալի տեղաշարժ է կատարվում նաև իշխող դասակարգի կազմում: Նախկին տոհմիկ ազնվականությունը (Մամիկոնյաններ, Արծրունիներ, Սյունիներ, Բագրատունիներ ևն) կամ զոհվել էր պատերազմներում, կամ գաղթել երկրից: Նրանց մնացորդներն աննշան տեղ ու դիրք ունեին: Առաջացել էին ավատական նոր տներ (Դոփյաններ, Պռոշյաններ ևն), որոնց հիմնադիրները կամ Զաքարյան տոհմի անդամներն էին, կամ նախկին մանր ազնվականներ, որոնք Զաքարյանների մղած պատերազմներում աչքի էին ընկել և բարձրանալով ստացել որպես «սեփականություն» կամ «ի կառավարումն» հողային ընդարձակ տարածքներ: Իշխող դասակարգի կազմում ավարտուն տեսք է ստանում ևս մի խավ` «մեծատունների» դասը, որը սկսել էր ձևավորվել նախորդ դարաշրջանում: Սրանք առևտրի, վաշխառության, հարկային կապալառության միջոցով մեծ դրամ կուտակած, հողային ընդարձակ տարածությունների տիրացած, ազնվականի, իշխանի կոչումներ ստացած անտոհմիկ մարդիկ էին (Հոնենք, Ումեկենք ևն): Տեղաշարժ էր կատարվել նաև հոգևորականության վերնախավի մեջ: Զ. ի. զինվորական ու դրամատեր ազնըվականության քաղ. կազմակերպություն էր, որի հիմնական ֆունկցիաներն էին երկրի ազատագրումը, պաշտպանությունը, սեփական ժողովրդին հնազանդության մեջ պահելը, շահագործվող զանգվածների դասակարգային ընդվզումների ճնշումը և կուլտուր-լուսավորական շինարարությունն ու հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքների կազմակերպումը: Պետ. իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինները միաձուլված էին և դրանց ֆունկցիաներն իրականացնում էին Զաքարյան եղբայրներ Զաքարեն ու Իվանեն (այնուհետև նրանց ժառանգները): Պետական-քաղաքագիտական ու զորավարական տաղանդի շնորհիվ գերագահը Զաքարեն էր. սկզբնաղբյուրները հենց նրան են կոչում թագավոր, արքա, շահնշահ: Զաքարեի «արքունիքը» գտնվում էր Անիում, Իվանեինը` Բջնիում, ապա` Դվինում: Դա պայմանավորված էր երկրի պետ. կաոուցվածքով: Զ. ի. կազմված էր վարչատերիտորիալ երեք խոշոր միավորներից, երկրի արմ. մասը Զաքարեի տիրույթներն էին, արլ.` Իվանեի, իսկ հս-արլ.` նրանց հորեղբոր որդիների` Վահրամյանների (Գագ կենտրոնով): Յուրաքանչյուրն իր տիրույթների ներքին գործերը վարում էր ինքնուրույնաբար` կառավարման մարմինների իր համակարգով ու վասալ իշխանների ցանցով, բայց երկրի ընդհանուր կառավարումը իրականացվում էր միասնաբար` Զաքարեի գլխավորությամբ: Զ. ի. ուներ կառավարման կենտրոնական ու տեղական մարմինները: Պետության և ֆեոդալական աստիճանակարգության գլուխը Զաքարեն էր, որը նաև զորքերի գերագույն հրամանատարն էր` ամիրսպասալարը: Նա էր լուծում պատերազմի ու խաղաղության հարցերը, նշանակում և, ազատում բարձր պաշտոնյաներին: Պետության կառավարման կենտրոնական մարմնի գլուխ կանգնած պաշտոնյան կոչվում էր «գլուխ իշխեցող և հրամանատար ամենայն իշխեցողաց և գլխաւորաց տան թագաւորութեան տեառն իւրոյ», որ միջնադարյան իրավըմբռնմամբ նշանակում է առաջին վեզիր: Իվանեի արքունիքում նույնպես կար նման պաշտոնյա` «գործակալ և հրամանատար ի վերայ ամենայն իշխանութեանց իւրոց, և աւագ հէջպաց»: Զաքարյաններն ունեին նաև սպարապետներ և այլ պաշտոնյաներ (գործակալ, վերակացու ևն), իշխանությունը տեղերում իրականացնող ավելի մանր պաշտոնյաները (կողմնակալ, կողմնապահ ևն) իրենց կառավարմանը ենթակա երկրամասերում օժտված էին զինվորական-քաղաքացիական-հարկային-դատական իրավազորությամբ: Դատարանային համակարգը կազմված էր պետ. (իշխանապետական, իշխանական և տեղական դատավորների ու գեղջավագների), հոգևոր-եկեղեցական (կաթողիկոսական, եպիսկոպոսական և քահանայական) և ֆեոդալական (դասային և տերունական) ատյաններից: Գերագույն դատավորն էր Զ. ի-յան տիրակալը: XII —XIII դդ. Զ. ի-ում հայ մշակույթն ապրում է նոր վերելք: Բուռն ծաղկում են ապրում մշակույթի կենտրոնները Անիում Հովհաննես Իմաստասերի վարդապետարանը, Գեղարդավանքի, Սանահինի, Հաղբատի, Հաղարծինի ուսում նագիտական կենտրոնները, Գլաձորի համալսարանը, Նոր Գետիկի (Գոշավանք), Խորանաշատի, Կայենաձորի, Խորվիրապի վարդապետարանները, որոնք բարձրագույն դպրոցներ էին: Զարգանում է նաև պատմագրությունը: XII —XIII դդ. նշանավոր պատմիչներից էին Սամուել Անեցին, Մխիթար Անեցին, Մխիթար Այրիվանեցին, Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը և ուրիշներ: Հայ իրավագիտական միտքը վերելք ապրեց հանձինս Դավիթ Ալավկաորդու կանոնների և Մխիթար Գոշի Դատաստանագրքի, որը հայ միջնադարյան իրավունքի գլուխգործոցն է: Գրականության մեջ զարգացան առակագրությունը, մեկնությունները ևն: Տաղասացներ Խաչատուր Կեչառեցին, Ֆրիկը, Տերտեր Երևանցին և ուրիշներ ստեղծեցին քնարական գործեր: XIII—XIV դդ. ավարտվեց ճարտ. մի շարք համակառույցների` Տաթևի, Սանահինի, Հաղբատի, Կեչառիսի, Հաղարծինի, Հառիճի, Օհանավանքի, Մակարավանքի շինարարությունը, ստեղծվեցին վանքային նոր համալիրներ` Գեղարդավանքը, Նոր Գետիկը, Ամաղուի Նորավանքը, Սաղմոսավանքը, Դադիվանքը, Տեղերի, Դեղձնուտի, Խորանաշատի, Գանձասարի վանքերը ևն: Զ. ի-յան ժամանակ քաղաքաշինությունը նույնպես մեծ վերելք ապրեց: Անին հասավ իր զարգացման գագաթնակետին: Ծաղկում ապրեցին նաև Դվինը, Կարսը, Լոռին ևն:
Գրկ. Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, 2 հրտ., Անթիլիաս, 1969: Երեմյան Մ., Ամիրսպասալար Զաքարիա Երկայնաբազուկ, Ե., 1944: Բաբայան Լ., Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը Х III—XIV դարերում, Ե., 1964: Մխիթար Գոշ, Գիրք դատաստանի, Ե., 1975:
