Jump to content

ՀՍՀ/ԶԱՔՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՔՅԱՆ Սիմոն Գևորգի, 18.10.1899, գ. Քերքենչ (այժմ` Ադրբ. ՍՍՀ Շամախիի շրջանում) — 2.4.1942, Կիլտ (Կերչի մոտ) սովետական բանակի գնդապետ, դիվիզիայի հրամանատար: ՍՄԿԿ անդամ 1920-ից: Կարմիր բանակում ծառայել է 1918-ից: Մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, սովետական կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում: 1923-ին ավարտել է Երևանի կարմիր հրամանատարների առաջին դասընթացները: Դասավանդել է Երևանի Ա. Մյասնիկյանի անվ. ռազմ. դպրոցում (1923—26): Ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի տարբեր գնդերում, Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան ավարտելուց հետո (1934)` Ուկրաինական ռազմական օկրուգում: 1935-ից տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ, եղել է լեռնահրաձգային գնդի, ապա` 76-րդ հայկական դիվիզիայի հրաձգային գնդի հրամանատար: 1941-ի օգոստոսին Զ-ի գունդը ռազմ, անհրաժեշտությամբ Իրանի տերիտորիան մտած զորքերի կազմում էր: Զ. եղել է 89-րդ հայկ. դիվիզիայի առաջին հրամանատարը: 1942-ի մարտին նշանակվել է Ղրիմում կազմակերպված 390-րդ հայկ. հրաձգային դիվիզիայի հրամանատար և մարտերի մեջ մտել թշնամու դեմ Կերչում: Մահացել է անհավասար մարտերում ստացած ծանր վերքերից: Թաղված է Երևանի Ս. Կիրովի անվ. զբոսայգում, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը (հեղինակ` Ա. Հարությունյան): Ետմահու պարգևատրվել է Լենինի շքանշանով: Զ. եղել է Աբխազական ԻԱԱՀ Գերագույն սովետի դեպուտատ: Նրա մասին բանաստեղծություններ են գրել Ա. Իսահակյանը, Ս. Զորյանը, Հ. Շիրազը, Գ. Բորյանը, Ա. Գրաշին: Հայտնի է Դ. Նալբանդյանի նկարը` «Գնդապետ Զաքյանի վերջին հրամանը»: Երևանում կա փողոց Զ-ի անունով:

Գրկ. Մալխասյան Ա., Սովետական բանակի հայ գործիչները, 2 լրց. հրտ., Ե., 1965: Թովմասյան Մ., Մեծ Հայրենականի ճամփաներով, Ե., 1975: Казарян А. В., Война, люди, судьбы, кн. 1, Е.,1975.