ՀՍՀ/ԶԳԱՅԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ
ԶԳԱՅԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ, հալուցինացիա (լատ. hallucinatio — պատրանք, տեսիլք), մարդու ճանաչողական գործունեության (զգայություն, ընկալում, մտա պատկերում) խանգարում, ընկալումներ առանց ռեալ օբյեկտի առկայության: Տար բերում են` ձայնային Զ. (հիվանդը լսում է տարբեր ձայներ), տեսողական (մարդկանց, կենդանիների, հրեշավոր աշխարհների պատկերացումներ), հոտառական (փտածության, նավթի, օծանելիքի ևն հոտեր), շոշափելիքի (մաշկի վրա միջատների շարժման, խոնավության և այլ զգացողություն), ընդհանուր զգացումների (որովայնի խոռոչում և կրծքավանդակում շարժվող առարկաներ, կենդանիներ) և էքստրակամպինային (հիվանդը իր տեսադաշտից դուրս «տեսնում է» մարդկանց, հետապնդողների ևն): Այն Զ., որն ունենում է վառ երանգավորում, համոզչականություն, և հիվանդն ընկալում է որպես ռեալ իրականություն, կոչվում է իրական: Այսպիսի դեպքերում հիվանդին վերահամոզելն անհնար է: Այն Զ., որն ըմբռնվում է ներքին ձայնով կամ տեսողությամբ, տեղակայվում իմացության ներքին դաշտում` տեսիլքներ առաջացնող ինչ-որ ուժի ներգործությամբ, կոչվում է կեղծ: Հրամայողական Զ-յան ազդեցության ներքո հիվանդը կարող է շրջապատի համար վտանգավոր արարքներ կատարել: Զ. հոգեկան մի շարք հիվանդությունների, թունավորումների, գլխուղեղի ծանր վնասվածքների, հոգեկան ցնցումների ախտանշան է: Բուժումը` հիմնական հիվանդության վերացում:
