ՀՍՀ/ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ
ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ, հոգեկան պրոցես, նյութական աշխարհի առարկաների, երևույթների հատկությունների, ինչպես նաև օրգանիզմի ներքին վիճակի արտացոլումը գլխուղեղում: Զ. իմացության պրոցեսի բաղկացուցիչ մասն է: Ըստ արտացոլման լենինյան տեսության, Զ-ներն օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերներն են: Այս տեսակետը հակադրվում է ֆիզիոլոգիական» իդեալիզմին (Ի. Մյուլլեր, Հ. Հելմհոլց և ուրիշներ), որի համաձայն Զ-ները դիտվում են որպես առարկաների հատկությունների պայմանական նշաններ, և սուբյեկտիվ-իդեալիզմին (Ջ. Բերկլի, Հյում, Մախ և ուրիշներ), ըստ որի իրերը համարվում են Զ-յան կոմպլեքսներ: Զ-ների հիմնական տեսակներն են. տեսողական, լսողական, շոշափելիքի, ջերմային, տատանման, համի, ցավի, հավասարակշռության, արագության ևն: Դրանք համարվում են տարբեր մոդալականության Զ-ներ և որակապես տարբերվում են միմյանցից (տես նաև Զգայարաններ): Էվոլյուցիայի ընթացքում էներգիայի ոչ բոլոր տեսակների արտացոլման համար են հատուկ զգայարաններ առաջացել: Օրինակ` առարկաների ձևի, մեծության, միմյանցից և դիտողից ունեցած հեռավորության արտացոլումը կատարվում է տարբեր զգայարանների փոխներգործության շնորհիվ: Զ-յան վրա ազդող գրգռիչի ամենափոքր արժեքը, որն անհրաժեշտ է Զ-յան առաջացման համար, կոչվում է ստորին բացարձակ շեմք, իսկ գրգռիչի այն մեծագույն արժեքը, որի ազդեցությամբ համապատասխան անալիզատորում նույնական Զ-յան փոխարեն ցավ է առաջանում, կոչվում է վերին շեմք: Տարբերակման շեմքը գրգռիչների ինտենսիվությունների այնպիսի տարբերությունն է, որը համապատասխան Զ-ների տարբերություն է առաջացնում: Զ-յան մեծության կախվածությունն ազդող գրգռիչի ուժից արտահայտվում է պսիխոֆիզիկայի հիմնական` Վեբեր-Ֆեխների օրենքով, ըստ որի, երբ գրգռիչի ուժն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, ապա` համապատասխան Զ. աճում է թվաբանական պրոգրեսիայով: Այս օրենքը ճիշտ է միայն գրգռիչների միջին արժեքների համար: Զ-յան գծերից է օբյեկտիվացումը, թեև Զ. որպես արտացոլում, ներհոգեկան երևույթ է, նրան համապատասխանող օբյեկտը տեղայնացվում է մեզանից դուրս: Սա ևս խոսում է Զ-յան իմացության նույնական լինելու մասին: Մարդու Զ-ները զարգանում են հասարակական-պատմական փորձը յուրացնելու, շփման ու գործունեության պրոցեսներում: Դրանք հիմնականում իմաստավորված ու գիտակցված են, թեև կան չգիտակցված Զ-ներ: Արդի գիտությունը մանրամասնորեն ուսումնասիրում է Զ-յան ժառանգական մեխանիզմները, օնտոգենեզը, տարբեր մոդալության Զ-ների փոխներգործության ձևերը (գերգրգռվածություն, սինեսթեզիա ևն), փոխհատուցման հնարավորությունները, հարմարվողականությանը ևն խնդիրներ: Գործնականում հետաքրքիր է նաև Զ-յան հուզական հագեցվածության հարցը, որը կարևոր է գեղագիտական ընկալման պրոցեսը հասկանալու:
Գրկ. Լենին Վ. Ի., Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ. Երկ., հ. 14: Ананьев Б. Г., Теория ощущений, Л., 1961 Экспериментальная психология, пер. с англ., под ред.С. С. Стивенса, т. 1—2,1960—63 Веккер Л. М., Психические процессы, т. 1, Л., 1974.
