Jump to content

ՀՍՀ/ԶԳԱՑՄՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԳԱՑՄՈՒՆՔ, հոգեկան երևույթ, մարդկանց և սեփական անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքի կամ կողմնորոշման արտացոլման ու ապրման յուրահատուկ ձև: Զ-ները կոնկրետ իրադրություններում ապրվում են այնպիսի հուզական վիճակների ձևով, ինչպիսիք են հաճույքը, տհաճությունը, զարմանքը, ուրախությունը, սարսափը ևն, որոնք ներհայեցաբար ընկալվելով, ցույց են տալիս գործունեության արտաքին ու ներքին իրադրությունների կամ առանձին օբյեկտների նշանակության աստիճանը: Ըստ Չ. Դարվինի հույզերը կարող են համարվել օրգանիզմի հատուկ հարմարվողական պրոցեսներ: Ներհոգեկան հուզական վիճակների դրսևորում տեղի է ունենում արտահայտիչ շարժումների (էքսպրեսիա) միջոցով: Կենդանիների հույզերի դրսևորումները (ատամները ցույց տալը, մազերը ցցելը ևն) կենսաբանական (հարմարվողական) նշանակություն ունեն: Ջեմս Լանգեի պերիֆերիկ տեսության համաձայն հոգեվիճակների առաջացումը պայմանավորված է արտաքին գրգռիչների ազդեցության տակ ծայրամասային շարժողական ոլորտում առաջացող փոփոխություններով (շարժումների արգելակում, համաձայնեցվածության խախտում, գերգրգռում) և կատարվում է հետևյալ սխեմայի համաձայն, արտաքին ազդեցություն ծայրամասային փոփոխություններ ուղեղին հաղորդվող հետադարձ ազդանշաններ — հուզական ապրում: Ջեմս-Լանգեի տեսությունը չի բացահայտում բարձրագույն, բուն մարդկային Զ-ների բնույթը: Ըստ Պ. Անոխինի պահանջմունքի ակտիվացումը (լարված վիճակը) առաջացնում է բացասական, իսկ բավարարումը` դրական հույզեր: Ըստ Պ. Սիմոնովի, հույզերի բնույթը կախված է տվյալ իրադրության մեջ մատչելի ինֆորմացիայի և հարմարվողական ճիշտ վարք կազմակերպելու համար անհրաժեշտ ինֆորմացիայի քանակական հարաբերակցությունից: Այս տեսակետները հույզերի առաջացումը կապում են ուղեղի բարձրագույն բաժինների աշխատանքի հետ: (Տես նաև Բարձրագույն նյարդային գործունեության տիպեր): Զ երը կարող են դիտվել որպես օբյեկտների և իրավիճակների արժեքավորումներ կամ նրանց նշանակալիության չափանիշներ: Հույզը կայուն վերաբերմունքի կոնկրետ դրսևորումն է կյանքի առկա իրադրության նկատմամբ: Մարդու արտաքին վարքագծում այն կարող է հստակորեն չարտահայտվել, տևական բնույթ ունի և հաճախ հանդես է գալիս գործունեության հուզական տոնի կամ տրամադրության ձևով: Հուզական վիճակները կապի մեջ են հոգեկան ակտիվության բանական (ինտելեկտուալ) բաղադրամասերի հետ և մասնակցում են իրադարձությունները կանխաաեսելու պրոցեսներին: Հույզերը կարող են նան ընդհանրացվել և դառնալ կոմունիկացիայի օբյեկտներ, որի շնորհիվ յուրաքանչյուր անհատի հուզական փորձը դուրս է գալիս սեփական ապրումների շրջանակներից և հարստանում է հասարակական փորձի բովանդակությամբ: Անձի սոցիալականացման պրոցեսի խորացման և նորանոր սոցիոգեն պահանջմունքների ձեռք բերման զուգընթաց, Զ-ները կորցրել են իրենց անմիջական կապը բնազդային պահանջմունքների հետ, ստացել միջնորդված ու տարբերակված բնույթ: Առաջացել են բարձրագույն` սոցիալական, բանական և գեղագիտական Զ-ներ, որոնք մարդու ապրումներում կարևոր տեղ են գրավում: Այդ Զ-ները կապվում են ոչ միայն կոնկրետ օբյեկտների, այլն բարձրագույն սոցիալական արժեքների, ընդհանրացված պատկերացումների և իդեալների հետ, որոնք հաճախ կապվում են որոշ սիմվոլների (ազգային դրոշ, աշխարհագրական օբյեկտներ) ու ծեսերի հետ և հասարակական երևույթնե րի սուբյեկտիվ գնահատման ձևեր են դառնում: Մարդու Զ-ների բնույթը պարզելու համար պետք է պարզել նրա գործողությունների կայուն համակարգը և դրանց առանձնահատկությունները: Մարդկային հարաբերությունները կատարելա գործելու համար Զ-ների դաստիարակությունը վճռական նշանակություն ունի:

Գրկ. Ընդհանուր հոգեբանություն, Ե., 1974: Дарвин Ч., Выражение эмоций у человека и животных, Соч., т. 5, М., 1953 Якобсон П. М., Психология чувств, М., 1961 Гельгорн Э., Луфборроу Дж.,Эмоции и эмоциональные расстройства, пер.с англ., М., 1966.