ՀՍՀ/ԶԵԳԵՐՍ
ԶԵԳԵՐՍ (Seghers) Աննա իսկական անուն-ազզանունը Նեթի Ռադվանի (Radv nyi), ծն. 19.11.1900, Մայնց, գերմանացի գրող (ԳԴՀ): 1928-ից Գերմանիայի կոմկուսի, 1947-ից` ԳՄՍԿ անդամ: Սովորել է Քյոլնի և Հայդելբերգի համալսարաններում: 1933—47-ին եղել է տարագրության մեջ (Ֆրանսիա, Մեքսիկա): Անդրանիկ ստեղծագործությունները` «Ձկնորսների ապստամբությունը (1928), «Ուղեկիցները» (1932), նվիրված են տարբեր երկրների կոմունիստների հեղափոխական պայքարին: «Գնահատված գլուխը» (1933) վիպակում և «Ազատագրում» (1937) վեպում նկարագրված է գյուղացիների ու բանվորների կյանքը ֆաշիստների իշխանության գլուխ անցնելու նախօրեին, «Յոթերորդ խաչը» (1942, անգլ., 1946, գերմ.) վեպում, որը պատկերում է կոմունիստի փախուստը համակենտրոնացման ճամբարից, արտացոլված է Գերմանիայի հայրենասերների անկոտրում հավատը գերմ. ժողովրդի ապագայի նկատմամբ: «Մեռածները երիտասարդ են մնում» (1949, հայ. հրտ. 1954) վեպում տրված է հասարակական տարբեր խավերի գերմանացիների ճակատագիրը: «Որոշում» (1959) և «Վստահություն» (1968) վեպ-հերոսապատւմներում հեղինակը դնում է սուր հարցեր, որոնց ծնունդ է տվել Գերմանիայի բաժանումը երկու մասի: Զ. սոցիալիստական ռեալիզմի վարպետներից է: Նրա արձակին հատուկ է հոգեբանական վերլուծության արվեստը, բարոյական հարցադրումների խորությունը: Նա խաղաղության համաշխարհային խորհրդի, լենինյան միջազգային մրցանակների կոմիտեի, արվեստների գերմ. ակադեմիայի անդամ է: Բազմիցս ընտրվել է Գերմանական գրողների միության նախագահ: Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի (1951), ԳԴՀ-ի ազգային մրցանակի (1951, 1959): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (ՍՍՀՄ) և ԳԴՀ-ի «Ժողովուրդների բարեկամության մեծ աստղ» շքանշաններով:
Գրկ. Мотылева Т», Анна Зегерс, М., 1953.
