ՀՍՀ/ԶԵԼԻՆՍԿԻ ՍՏԵՓԱՆ
ԶԵԼԻՆՍԿԻ Ստեփան Պավելի, Մկրտչյան Ստեփան Ամիրզադի (13.8.1847, գ. Յարըմջա, այժմ` Նախիջևանի ԻՍՍՀ Նախիջևանի շրջանում — 1904, Թիֆլիս), հայ ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան: 1866-ին ավարտել է Նախիջևանի գավառական գիմնազիան, 1870-ին` Թիֆլիսի Ալեքսանդրյան ինստ-ը և նշանակվել Զաքաթալայի գավառական ուսումնարանի ուսուցիչ: 1872-ին տեղափոխվել է Երևան` որպես պրոգիմնազիայի և օրիորդաց Ս. Հռիփսիմյան ուսումնարանի ուսուցիչ: Տիրապետել է հայերեն, ռուս., արլ. ու եվրոպական մի քանի լեզուների: 1883-ին տեղափոխվել է Սուխում, որտեղ ժանդարմական վարչությունը նրա դեմ քաղ. մեղադրանք հարուցելով` ստիպել է թողնել պաշտոնը: Որոշ ժամանակ անց Զ. նշանակվել է Թիֆլիսի պետական կալվածների մինիստրության պաշտոնյա: Պաշտոնական գործերով եղել է Երևանի, Նախիջևանի, Օրդուբադի, Դարալագյազի, Զանգեզուրի, Շամախիի, Լենքորանի և այլ գավառներում, ձեռնարկել Անդրկովկասի ազգաբնակչության կենցաղին վերաբերող նյութերի հավաքմանը: 1882-ին ռուս գրող և պատմաբան Դ. Լ. Մորդովցևի հետ մասնակցել է Արարատ կատարած վերելքին: Մասնակցել է Թիֆլիսի հնախոսական ժողովի աշխատանքներին, եղել Հայոց բարեգործական ընկերության, Ռուսաց արքայական այգեգործական ընկերության Կովկասյան բաժանմունքի, Կայսերական ազգագրական ընկերության անդամ: Մամուլում («Արձագանք», «Մշակ») տպագրվել են Զ-ու` Նախիջևանի գավառի հայերի կենցաղին, ժող. բժշկությանը, Անդրկովկասի այգեգործությանը և այլ հարցերի նվիրված հոդվածներ: Ազգագրական ուսումնասիրություններից կարևոր են XIX դ. վերջին Անդրկովկասի արքունական գյուղացիների տնտ. վիճակին և կենցաղին նվիրված նրա աշխատությունները: Զ-ու ուսումնասիրությունների մեծ մասն անտիպ են
Երկ. Մանկական խաղեր, «Արձագանք», 1890, 5: Исследование экономического быта гос. крестьян в Зангезурском уезде…, Тифлис, 1886 Племенной состав, религия и происхождение гос. крестьян Закавказского края,Свод материалов по изучению экономического быта гос. крестьян Закавказского края, т. 1, Тифлис, 1887 Экономический быт гос. крестьян в Шорагяле Александро-польского уезда Эриванской` губернии, Тифлис, 1893 Народно-юридические обычаи у армян Закавказского края, Тифлис, 1899.
