ՀՍՀ/ԶՎԱՐԹՆՈՑ
ԶՎԱՐԹՆՈՑ, Վաղարշապատի Ս. Գրիգոր, վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձան Արարատյան դաշտում, Էջմիածնից 3 կմ հվ.: Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության, կառուցել 1 Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը և նրա գահակալության տարիներից էլ` 641—661, արտածվում է Զ-ի կառուցման ժամանակը: Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զ. օծվել է 652-ին: Թ. Թորամանյանի կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին: Ներսես Գ-ի Տայքում լինելու տարիներին (653—659) շինարարությունը շարունակել է նրան փոխարինող Անաստաս Ակոռացին: Տաճարը «Զվարթնոց» է անվանում Մեբեոսը, մյուս պատմիչները հիշատակում են Վաղարշապատի Ս. Գրիգոր: Զ. կանգուն է եղել մինչև X դ. վերջը, ավերման պատճառի մասին մեզ հայտնի պատմական աղբյուրները լռում են: XX դ. սկզբին ավերակ Զ. տակավին ծածկված էր հողի հաստ շերտով: Պեղումները կատարվել են (1901—07) Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ: 1904-ից, որպես գիտական ղեկավար, մասնակցել է Թ. Թորամանյանը: Ըստ պեղված նյութերի, նախքան Զ. այստեղ եղել են հնագույն և IV—V դդ. կառույցներ: Հնագույնը` 0,63 մ X 2,7 մ չափերի կոթողն է (գտնվում է Զ-ի թանգարանում) Ռուսա II ուրարտ. արքայի սեպագիր արձանագրությամբ` շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ: Ենթադրաբար Զ-ի տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը: Կ. Ղաֆադարյանը հեթանոսական հավատքին է կապում նաև «Զվարթնոց» անվանումը: Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հվ-արմ.` կաթողիկոսական պալատը` օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր ևն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու մնացորդներ, պալատից ոչ հեռու, հվ-արլ. մասում` խաղողի քարաշեն հնձան ևն: Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հվ-արմ. մասից, ուր պալատն է), կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը: Տաճարից պահպանվել են հատակաձևը, տեղ-տեղ պատերի ցածի մասերով, սյուների խոյակներ, բներ, խարիսխներ, բեկվածքավոր որմնակամարներ, թաղաբեկորներ, խճանկարի, որմնանկարի, ծածկի կղմինդրի մնացորդներ և այլ մանրամասներ: Կառուցվել է տարբեր որակի և երանգի (դարչնագույն, բաց-մոխրագույնից մինչև սև) տուֆից: 1905-ին Թ. Թորամանյանը ստեղծեց Զ-ի գիտական վերակազմությունը: Ըստ պահպանված հատակաձևի և այդ վերակազմության, կառույցի ծավալատարածական հորինվածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ սրահով (տրամագիծը` 35,75 մ, արտաքուստ` ստորին աստիճանը), իսկ վերևում (արտաքուստ` միջին աստիճանը)` կիպ պարփակված (կոնքերի առանցքային մասերում միաձույլ) գլանային պատով: Կիսագմբեթարդ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված չորս կոնքերը միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր մույթերով` գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված է առագաստների միջոցով: Կոնքերը, բացի արլ-ից, որը հոծ է և ամփոփում է բեմը (հետագա ձևափոխումներով առաջ է բերված և բարձրացված), իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը` 0,6 մ): Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և միմյանց կապվում կամարներով: Պարարկյալ սրահում, մայր մույթերի դիմաց, նրանց հետ կամարակապ, տեղադրված են չորս հաստաբուն (տրամագիծը` 0,8 մ, բարձրությունը` մոտ 2,25 մ) արծվաքանդակ խոյակներով միակտուր սյուներ, որոնք կոնքերի առանցքային մասերի հետ մեկտեղ, մեկ շրջանագծում, կազմում են 8 հենակետեր` միմյանց կապված կրկնակի կորություն ունեցող 8 զորեղ թաղակամարներով: Այս կամարներին են հանգում նրանց հետ տարածական միաձույլ կառուցվածքային գոտի կազմող երկհարկ պարարկյալ սրահի թաղերը և քառակոնքը (միջին աստիճանի) պարփակող պատը: Սրահի երկրորդ հարկը տաճարի ներսի տարածությանը հաղորդակցվում է կոնքերին արված սյունակամարակազմ բացվածքներով: Խոսելով երկրորդ հարկ տանող քարաշեն կամ փայտաշեն աստիճանների մասին` Թ. Թորամանյանը դրանց տեղը համարում է ենթադրական և նախագծում չի նշում: Ըստ Տ. Մարությանի հետազոտության, դրանք տեղադրված են եղել արլ-ից կից. 7,5 մ X 11 մ ներքին մոտավոր չափերով, ուղղանկյուն կառույցում: Ենթադրաբար` նաև պտուտակային աստիճաններ են տեղադրված եղել (մայր մույթերի իրանների խորշերում): Զ. արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն կազմող կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է: Ծավալները ռիթմիկորեն ներդաշնակվում են կղմինդրյա լանջային տանիքներով և գմբեթի սրածայր վեղարով, որոնց ստորին եզրերը հանգում են զամբյուղակազմ, բեկվածքավոր, զարդաքանդակ գոտիներից բաղկացած հորիզոնադիր քիվապսակներին: Տաճարի հինգ մուտքերից երեքը տեղադրված են հս., հվ., արմ. առանցքներով, մնացած երկուսից մեկր` հս-արմ., մյուսը` հվ-արմ. անկյունագծերով: Ստորին և միջին աստիճանները` 32, վերինը` գմբեթի թմբուկը, 16 նիստանի են: Բոլոր երեք աստիճանների նիստերը դեկորատիվ խորանազարդ են և նիստերի քանակին համապատասխան ունեն 32, 32, 16 վերձիգ, կամարավարտ լուսամուտներ: Ստորին աստիճանը սկսվում է մուտքերի խորաններով մասնատվող հիմքի պարագծային եռաստիճանով: Զույգ որմնասյուներից և նրանց կապող բեկվածքավոր որմնակամարներից կազմված խորանաշարից վեր, մինչև հարկաբաժան գոտին, ամբողջ պարագծով ընթանում է խաղողի որթ և նռնազարդ ճյուղեր բովանդակող զարդաքանդակ գոտին: Որմնակամարների հանդիպման անկյուններում քանդակված են կառուցմանը ժամանակակից հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակներ (պահպանվել են 9-ը): Նույն անկյուններից վեր, մեծ ելուստով քանդակված են մեկական մեծաչափ, գնդաձև նուռ: Բարձրաքանդակներն արված են որոշակի ընդհանրացումներով, ազատ հորինվածքով: Հարկաբաժան գոտուց վեր տեղադրված են զարդաքանդակ պսակազարդ բոլորակ լուսամուտները, որոնք լուսավորում են պարարկյալ սրահի երկրորդ հարկը: Անկասկած հվ. մասում է տեղադրված եղել արևային բոլորակ ժամացույցը: Բարեհնչուն համաչափություններով ընդհանուր հորինվածքում կոմպոզիցիոն բոլոր տարրերը կազմում են կուռ, ամբողջական համակարգ` ուղղված որոշակի նպատակի` ստեղծել այնպիսի արխիտեկտոնիկ կերպար, որը նույնությամբ ընկալվի և համազոր ներգործի բոլոր դիտակետերից: Զ-ի կերպարը մտահղացված է որպես մի ամբողջական կոթողմոնումենտ, որը, լինելով որոշակի ֆունկցիայով շենք` տաճար, ամփոփելով Գրիգոր Լուսավորչի մասունքները, պետք է կրեր իր ժամանակի գաղափարախոսության բուն խորհրդանշանը` խաչը: Սիմետրիայի ուղղահայաց առանցքով զարգացող ծավալի ռիթմական կարգը (մակերեսների կոմպոզիցիոն տարրերի մետրական կարգը շնորհիվ տարածական կրճատման վեր է ածվում նույնպես ռիթմականի) ստեղծում է կերպարի դինամիկ վերսլացություն, չնայած, որ Զ-ի ուղղահայաց և հորիզոնական առանցքների հարաբերությունը փոքր է (5X 4, բարձրությունն առանց պատվանդանի մոտ 45 մ է): Տաճարի ներսում` թռիչքի պատրաստված թևատարած արծիվները, լուսավոր պարարկյալ սրահի որմնասյունաղարդի ռիթմը, խոյազարդ խոյակներով սյունակազմ խորանների պարը, մույթերի սլացքը, բարձրադիր լուսաողող գմբեթը ողջ դեկորի հետ մեկտեղ պետք է ստեղծեր նույն վերսլացությունը: Սակայն Զ-ի դինամիկան անսաստ սլացք չէր դեպի վեր, որ բնորոշ էր հետագա դարերի գոթական ճարտ. կերպարներին, այլ հավասարակշռված, հանդարտորեն սահուն վերելք: Պարարկյալ սրահի երկրորդ հարկի առկայությունը ֆունկցիոնալ և կառուցվածքային նշանակության հետ մեկտեղ մեծապես նպաստել է կերպարի աստիճանաբար ներդաշնակված վերելքին` այդպիսով ձեռք բերելով նաև կոմպոզիցիոն նշանակութուն: Տաճարը գոտևորող բազմաթիվ դեկորատիվ երիզների համակարգում (քիվապսակ, խորանաշար, նռնաշար ևն) երկրորդ հարկի բոլորակ լուսամուտների պսակազարդ պարը ամենապատկերավոր կոմպոզիցիոն տարրերից է: Թ. Թորամանյանի վերակազմության ստույգությունը ապացուցվեց 1906-ին` Զ-ի օրինակով, ըստ Ասողիկ պատմիչի, XI դ. սկզբին Անիում կառուցված Գագկաշեն Գրիգոր Լուսավորչի տաճարի պեղումներից հայտաբերված մանրակերտով (առարկայական մյուս ապացույցը Փարիզի Սեն-Շապել եկեղեցու, 1243—48, որմնաքանդակներն են): Թ. Թորամանյանի վերակազմության վերաբերյալ եղել են առարկություններ: Ելնելով Ա. Կուզնեցովի որոշ թեզերից (1951) և իր հետազոտությունից` Ս. Մնացականյանը աջաջարկել է (1958) վերակազմության այլ տարբերակներ: Ա. Կուզնեցովը Զ. ընդհանուր առմամբ գնահատելով որպես մեծագործ և վեհաշուք կառույց` նրա հատակաձևը համարում է «կառուցվածքորեն անտրամաբանական»: Ըստ նրա, ժամանակի տեխ. մակարդակը չէր համապատասխանում Զ-ի ճարտարապետի հանդուգն մտահղացմանը: Նրա վերլուծությամբ քառակոնքը ծավալային ձևով արտահայտված է եղել արտաքինում, բացակայել է պարարկյալ սրահի երկրորդ հարկը, իսկ կառուցվածքային հիմնական կրող հանգույցներից շատերը գերլարվածության պատճառով չէին կարող դիմադրել հզոր ծանրաբեռնվածությանը: Սակայն նա իր հաշվարկներում անտեսել է, որ Զ-ի մայր մույթերը, արծվախոյակավոր ու քառակոնքի սյուները, կապվելով կրկնակի կորության կամարների ու թաղերի միջոցով, կազմում են միաձույլ ամբողջական տարածական համակարգ, որի շնորհիվ կրող տարրերը աշխատում են միաժամանակ: Պարարկյալ սրահի առաջին և երկրորդ հարկի թաղերից կազմված տարածական օղակները ունեցել են հորիզոնական կոշտ հակաերկրաշարժային նշանակություն: Զ-ում օգտագործված են ամուր, դժվար հողմնահարվող տուֆ, երեսապատման համար` պոչավոր քարեր, մեծ զանգվածները կրող մեծապես լարված սյուների և նրանց խարիսխների ու խոյակների համար` ավելի ամուր, դացիտային տուֆերից միակտուր քարեր, քարակրաբետոնի լիցքերում` չեչաքար, պեմզա, բարձր որակի կրաշաղախ, որը ժամանակի ընթացքում ստանում է կրաքարի ամրություն: Քարերն իրար միացնելու համար կիրառված են երկաթյա գամեր` ամրացված կապարի լիցքով: Եթե նույնիսկ իբրև հիմք ընդունվեն Ա. Վ. Կուզնեցովի մոտավոր հաշվարկները (արծվախոյակ սյուների լարումը` 40 կգսմ2), ապա հաշվի առնելով, որ դացիտային տուֆերի ամրությունը հավասար է 1000—1200 կգ/սմ2, արծվախոյակ սյուների կրողունակությունը բեռնվածությունից շատ ավելին է ստացվում: Քառակոնքի ձևի դրսևորումը որպես արխիտեկտոնիկ սկզբունք իր բազմակերպ մարմնավորումը զտել էր մինչ Զ. իրականացված մի շարք կառույցներում: Հայկ. ճարտ-յան մեջ Զ. նորատիպ կառույց էր: Քառակոնքն այստեղ կառուցվածքային ընդհանուր հորինվածքի միայն կորիզն է և ոչ տեկտոնիկ համակարգի գերիշխող սկզբունքը: Զ-ի եռաստիճան ծավալը մի ամբողջական ձև է, որի արխիտեկտոնիկ կերպարը լիովին ներդաշնակ է կառույցի տեկտոնիկ տարածական համակարգին: Մեզ հայտնի հուշարձաններից զվարթնոցատիպ են` Բանակի (VII դ.), Լյակիթի (VII դ.) տաճարները, Գագկաշենը (XI դ. սկիզբ), Իշխանի (Տայք, նախնական ձևով, դարձյալ Ներսեսաշեն) տաճարը: Հետագա դարերում հայկ. ճարտ. մեծապես կրել է Զ-ի ազդեցությունը: Զ. հայկ. շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումարն էր, Հայաստանի քաղաքակրթական ընդհանուր զարգացման արգասիքը: 1937-ին Զ-ի ավերակներից ոչ հեռու կառուցվել է փոքրիկ թանգարան, ուր ցուցադրվում են պեղված նյութերը:
Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 1-2, Ե., 1942 — 48: Հարությունյան Վ., Զվարթնոց, Ե., 1947: Ղաֆադարյան Կ., Զվարթնոց, «ՊԲ»», 1959, 4: Ավդալբեգյան Թ, Զվարթնոցի շուրջը, «Էշմիածին», 1958, 1 — 4: Մարոթյան Տ., Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ, Ե., 1963: Մնացականյան Ս. Խ., Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Ե., 1971: Кузнецов А. В., Тектоника и конструкция центрических зданий, М., 1951, с. 110 — 114.
