ՀՍՀ/ԷԴԻՆԲՈՒՐԳ
ԷԴԻՆԲՈՒՐԳ (Edinburgh), Շոտլանդիայի գլխավոր քաղաքը (Մեծ Բրիտանիա) Ֆյորտ-օֆ-Ֆորտ ծոցի հարավային ափին: 468 հգ. բն. (1970): Տրանսպորտային կարևոր հանգույց է: Կա թղթի, պոլիգրաֆ, սննդի, թեթև և ռետինի արդյունաբերություն, մեքենաշինություն, նավաշինություն: Ունի համալսարան (XVI դ.) և այլ բուհեր: Այստեղ է Շոտլանդական գիտահետազոտական ընկերությունը և աստղադիտարանը: Քաղաքի հին մասում պահպանվել են քարե աշտարականման տները, Հոլիրուդ պալատը (1671-79), Սենտ-Ջայլս տաճարը (1385-1460), պառլամենտը (1632-40): Նոր քաղաքն ունի կանոնավոր հատակագիծ (1767-68) և կառուցապատվել է կլասիցիզմի ոճով: XVIII—XIX դդ. շինություններից են համալսարանը (սկսել է 1789-ին Ռ. Ադամը, ավարտվել է 1815—34-ին), Շոտլանդական թագավորական ակադեմիան (1823), Շոտլանդիայի ազգային պատկերասրահը (1850-59), Սենտ-Մերի նեոգոթական տաճարը (1874-79):
