ՀՍՀ/ԷԹԻԼԵԹԵՐ
ԷԹԻԼԵԹԵՐ, դիէթիլեթեր, եթեր (C₂H₅)₂Օ, օրգանական միացություն, կարևորագույն եթերը: Է. շարժուն, հեշտ ցնդող, անգույն, յուրահատուկ հոտով հեղուկ է, եռման ջերմաստիճանը՝ 34,6°C, խտությունը՝ 713,5 կգ/մ³: Է. դյուրավառ է, գոլորշիներն օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ: Լավ լուծիչ է օրգ. բազմաթիվ միացությունների համար: Հիմքերի և ալկալիական մետաղների նկատմամբ կայուն է: Թթվածնի ազատ էլեկտրոնային զույգի հաշվին միացնում է կոորդինացիոն-չհագեցած մետաղների աղեր (Լյուիսի թթուներ)՝ առաջացնելով էթիլեթերատներ, օրինակ՝ (C₂H₅)2 Օ—BF 3: Ստացվում է էթիլալկոհոլից H₂ՏՕ-ով ջուր պոկելով (այստեղից էլ սկզբնական անվանումը՝ ծծմբային եթեր): Է. մեծ կիրառություն ունի բժշկության մեջ: Օժտված է ուժեղ նարկոտիկ հատկությամբ: Ինհալյացիոն ընդհանուր անզգայացման (նարկոզ) նպատակով օգտագործվում է գերօքսիդներից հատակ եղանակով զտված Է. (Aether aethylicus pro narcosi), որի գոլորշիների խտությունը պետք է կազմի 15-25 ծավալային տոկոս, իսկ անզգայացումը շարունակելու դեպքում՝ 5-8 ծավալային տոկոս: Է. կարելի է զուգորդել միոռելաքսանտների հետ, որոնք ուժեղացնում են կմախքային մկանների թուլացումը և կրճատում Է-ի պահանջվելիք ունակությունը: Ռեֆլեկտոր մեխանիզմով Է. խթանում է սրտի աշխատանքը, բարձրացնում արյան ցածր ճնշումը, գրգռում շնչառական ուղիների լորձաթաղանթը (վերջինս ընդհանուր անզգայացման ժամանակ, բրոնխոպնևմոնիայից խուսափելու նպատակով, կանխվում է ատրոպինով): Է. հակացուցված է թոքերի տուբերկուլոզի, շնչառական ուղիների սուր բորբոքումների, ներգանգային ճնշման բարձրացման, երիկամային ծանր հիվանդությունների, սրտային ապակոմպենսացման, շաքարային հիվանդության և ացիդոզի ժամանակ:
