Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, էլեկտրաթերապիա, բուժման մեթոդ, հիմնված էլեկտրական երևույթների օգտագործման վրա: Էլեկտրական հոսանքի բուժիչ նպատակով օգտագործման մասին վաղ տեղեկությունները պատկանում են անգլիացի ֆիգիկոս Ու. Հիլբերտին (1540-1603) և ֆրանսիացի Շ. Դյուֆեին (1698-1739): 1791-ին Լ. Գալվանին առաջին անգամ ուսումնասիրել է էլեկտրական հաստատուն հոսանքի ազդեցությունը գորտի մկանների վրա: Հետագայում էլեկտրաֆիզիկայի, էլեկտրատեխնիկայի, էլեկտրաքիմիայի զարգացմանը զուգընթաց ստեղծվեց նաև էլեկտրաֆիզիոլոգիան, որի հիման վրա ֆրանսիացի գիտնականներ Գ. Դյուշենի, Ժ. Արսոնվալի, գերմանացի՝ Է. Պֆլյուգերի, Է. Դյուբուա-Ռեյմոնի, ռուս՝ Ն. վվեդենսկու աշխատանքների շնորհիվ զարգացավ Է.: Ժամանակակից էլեկտրատեխնիկան մատչելի է դարձրել էլեկտրական էներգիայի տարբեր տեսակների օգտագործումը բժշկության մեջ, որոնք օրգանիզմի հյուսվածքներում առաջացնում են ֆիզիկա-քիմիական տեղաշարժեր, խթանում օրգանիզմի օրինաչափ ռեակցիաների հիմքում ընկած ֆիզիոլոգիական պրոցեսները: Այդ ռեակցիաների բնույթը կախված է էլեկտրական հոսանքի տեսակից, ուժից, ազդեցության տևողությունից, ներգործման տեղից ու մեթոդից, ամբողջ օրգանիզմի և հյուսվածքների ընդհանուր վիճակից: Ավելի հաճախ օգտագործում են հաստատուն հոսանքը (տես Գալվանա gում), բարձր և ցածր լարվածության փոփոխական հոսանքները (ֆարադացում, դիաթերմիա, ինդուկտոթերմիա), գերբարձր հաճախականության էլեկտրամագնիսական դաշտը (տես Գերբարձր հաճախականության թերապիա): Գոյություն ունեն էլեկտրական հոսանքի օգտագործման տեղական և ռեֆլեկտոր ազդեցության մեթոդներ: Տեղական ազդեցության դեպքում հոսանքն անմիջապես ներգործում է բորբոքային օջախի վրա, փոփոխվում է բջջաթաղանթների թափանցելիությունը, առաջանում ներհյուսվածքային բևեռացում, հյուսվածքային հեղուկներում լուծված իոնները տեղաշարժվում են, բարձրանում է ներհյուսվածքային ջերմությունը, արագանում են հյուսվածքային նյութափոխանակությունը, արյունամատակարարումը, ֆերմենտային պրոցեսները: Ռեֆլեկտոր ազդեցության մեթոդները կիրառվում են հոսանքի ազդման տեղամասից հեռու գտնվող օրգանների և հյուսվածքների բուժման նպատակով: Հատվածային ռեֆլեքսների ձևերից ամենահաճախ կիրառվում է «գալվանական օձիքը», որի դեպքում էլեկտրականացվում է պարանոցի և ողնուղեղի կրծքային վերին 2 հատվածների շրջանը: Լայն կիրառում է գտել նաև իոնագալվանացումը, որի դեպքում հեղուկներում լուծված դեղանյութերի իոնները կամ մոլեկուլները մաշկի կամ լորձաթաղանթի միջոցով անցնում են օրգանիզմ: