Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԷՏԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԷՏԻԿԱ, ժողովրդական տնտեսության ճյուղ, ընդգրկում է էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը, փոխակերպումը և բաշխումը: Էլեկտրաէներգիայի արտադրությունը որոշվում է էլեկտրակայանների (ջերմային, հիդրավլիկական, ատոմային, ջերմակենտրոններ ևն) ագրեգատների սահմանված հզորությամբ և արտադրված էլեկտրաէներգիայի մեծությամբ: Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության մեջ (մլրդ կվտ.ժ) ՍՍՀՄ-ի բաժինը 1950-1975-ի ընթացքում եղել է 9,2-15,1 ի սահմաններում: ՍՍՀՄ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը բնութագրվում է կենտրոնացման բարձր մակարդակով: Այն 1973-ին հասել է 96,9-ի՝ 1940-ի 81,2 ի դիմաց: Էլեկտրակայաններում գեներացվող ակտիվ հզորությունից բացի, էլեկտրաէներգիայի հաղորդման համար օգտագործվում է ռեակտիվ հզորություն: Էլեկտրաէներգիայի սպառողներն օգտագործում են ակտիվ և ռեակտիվ հզորություններ: Է-ում ռեակտիվ և ակտիվ հզորությունների հարաբերությունը հայտնի է իբրև ռեակտիվ հզորության գործակից: Գեներատորների արտադրած էլեկտրաէներգիան օգտագործվում է սպառողների պահանջը բավարարելու և էլեկտրական ցանցերում էներգիայի կորուստները (էլեկտրական համակարգի տարրերում ծախսվող էլեկտրաէներգիա, էլեկտրական պարպումներով պայմանավորված կորուստներ, որոնք առաջանում են հաղորդալարերի և արմատուրայի շուրջը օդի իոնացմամբ, մալուխային գծերի և համակարգի այլ տարրերի մեկուսիչներում դիէլեկտրիկ կորուստներ) ծածկելու համար: Էլեկտրաէներգիայի հաղորդումն իրագործող գծերը բնութագրվում են լարման մակարդակով և երկարությամբ: Սպառողների էլեկտրամատակարարման վիճակը գնահատելու նպատակով էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ռեժիմը բնութագրելու համար օգտագործում են համակարգի կայունության հասկացությունները: Մասնավորապես, ստատիկ կայունությունը փոքր խոտորումից հետո լրիվ կամ ասիմպտոտիկ կերպով սկզբնական ռեժիմին վերադառնալու ընդունակությունն է: Դինամիկ կայունությունը համակարգի՝ հաստատված ռեժիմի կտրուկ խախտումներից հետո որակական ցուցանիշների ընդունելի արժեքներով նորմալ աշխատանքը շարունակելու ընդունակությունն է: Բեռնվածքի կայունությունը փոքր շեղման դեպքում շարժիչների բեռնվածքի սկզբնական ռեժիմի վերականգնման ընդունակությունն է:

Գրկ. Электроэнергетика и энергетическое строительство СССР, изд. «Информэнерго», М., 1974.

Հ. Ադոնց