ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԷՐՈԶԻՈՆ ՄՇԱԿՈՒՄ
ԷԼԵԿՏՐԱԷՐՈԶԻՈՆ ՄՇԱԿՈՒՄ, մետաղների մշակման եղանակ, որի հիմքում ընկած է երկու էլեկտրոդների՝ գործիքի և մշակվող դետալի միջև էլեկտրական իմպուլսների պարպման երևույթը: Այդ դեպքում առաջացած ջերմությունը հալեցնում, մասնակիորեն գոլորշիացնում և հեռացնում է փոքր (միկրո) քանակությամբ մետաղ՝ պարպման տեղում առաջացնելով փոսիկ: Պարպումների կրկնությունը էլեկտրոդների մակերևույթների տարբեր կետերում, 10-2-ից մինչև 5.105 և ավելի հց հաճախականությամբ, հանգեցնում է այն բանին, որ ավելի քիչ մաշվող գործիքը, աստիճանաբար խրվելով դետալի մեջ, ստեղծում է իր ձևի և չափերի խոռոչ: Է. մ. իրականացվում է էլեկտրաէրոզիոն հաստոցներով (պատճենահան-անցքահատիչ, կտրիչ, սրիչ, հղկիչ, արտահատիչ): Է. մ-ման մեջ առանձնացվում են էլեկտրակայծաին, էլեկտրաիմպուլսային, անոդամեխանիկական (տես Անոդամեխանիկական մշակում, նկ. 1, գ) և էլեկտրակոնտակտային մշակումները: Էլեկտրակայծային մշակումը (նկ. 1, ա) առաջարկել են 1943-ին Բ. Ռ. և Ն. Ի. Լագարենկոները (ՍՍՀՄ): Այն բնորոշվում է իմպուլսային պարպումների կարճատևությամբ (10-4—10-8 վրկ): Գործիքը պատրաստում են արույրից, աղնձից ևն: Կիրառվում է հիմնականում կարծր և դժվար մշակվող համաձուլվածքներից պատրաստված դետալների վրա ձևավոր խոռոչներ և անցքեր մշակելու, ինչպես նաև պղնձե և վոլֆրամե մետաղալարով ձևավոր կտրումներ կատարելու համար: Էլեկտրաիմպուլսային մշակումը (նկ. 1, բ) ամենատարածվածն է: Մշակվել է 1950-ական թթ.: Որպես հոսանքի աղբյուր օգտագործում են կիսահաղորդչային հատուկ իմպուլսային գեներատորներ, որոնք տալիս են միաբևեռ և համեմատաբար երկարատև իմպուլսներ (10-2—10-4 վրկ): Կիրառվում է միջին և խոշոր չափերի խոռոչներ ունեցող դրոշմահատիչներ և կաղապարներ, տուրբինների թիակներ և այլ դետալներ պատրաստելու համար: Գործիքը պատրաստում են պղնձից, ԷԷԳ տիպի ածխագրաֆիտից: ՍՍՀՄ-ում արտադրվում են էլեկտրաիմպուլսային մշակման 4 Դ 721, 4 Դ 722, 4 Բ 723 Մ և այլ մակնիշների հաստոցներ: Էլեկտրակոնտակտային մշակումը (նկ. 1, դ) կատարվում է օդի կամ հեղուկ (ջուր, էմուլսիա) միջավայրում՝ աղեղային պարպումներից առաջացած և ջոուլյան ջերմության շնորհիվ: Կիրառվում է նախապատրաստուկների մաքրման, կտրման, տաշման, ֆրեզման դեպքում ևն: ՀՍՍՀ-ում Է. մ. կիրառվում է հիմնականում գործիքաշինության մեջ (Վ. Ի. Լենինի անվ. «Հայ-էլեկտրամեքենա» միավորումում և «Հաստոցանորմալ» գործարանում): Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանը թողարկում է ծրագրային կառավարման հարմարանքներով հանդերձված 4531 ՖՅ, 4532 Ֆ 3 և այլ մակնիշների էլեկտրաէրոզիոն ճշգրիտ հաստոցներ: 1970-ից լայն տարածում է ստացել Է. մ-ման նոր եղանակ՝ պտտվող դետալների դինամիկական հավասարակշռումը՝ էլեկտրաէրոզիոն նստեցման միջոցով: Այս եղանակն առաջարկվել է 1966-ին, Մետաղահատ հաստոցների փորձարարական ԳՀԻ-ի անդրկովկասյան մասնաճյուղում (Երևան) և իրականացվում է Երևանի փորձնական հաստոցաշինական գործարանում թողարկվող հաստոցների վրա:
Գ. Գևորգյան
