ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, արդյունաբերական ձեռնարկություն, որն արտադրում է էլեկտրաէներգիա՝ էներգիայի այլ տեսակները էլեկտրականի փոխակերպելու միջոցով: Նայած փոխակերպվող էներգիայի տեսակին, Է-ները լինում են ջերմային, հիդրո, ատոմային, հողմաէլեկտրակայաններ, ինչպես նաև ջերմաէլեկտրակենտրոններ: Ջերմային Է-ում էլեկտրաէներգիայի է փոխակերպվում տարբեր վառելանյութերի (քարածուխ, նավթ, գազ, տորֆ) ջերմային էներգիան, հիդրոէլեկտրակայանում՝ ջրային հոսքի էներգիան, ատոմային էլեկտրակայանում՝ միջուկային էներգիան, հողմաէլեկտրակայանում՝ օդային հոսքի էներգիան: Ջերմաէլեկտրակենտրոնում կատարվում է էլեկտրաէներգիայի և ջերմության զուգակցված արտադրություն: Այն Է., որն իր վրա է վերցնում հզորության՝ էներգիայի ընդունիչներից կախված բոլոր փոփոխությունները, ապահովում է էներգահամակարգում հաճախականության կարգավորման ֆունկցիաները: Է. բնութագրվում է սահմանված ակտիվ հզորության մեծությամբ, որը է՝ կայանի գեներատորների նոմինալ գումարային ակտիվ հզորությունը, պայմանական վառելիքի տեսակարար ծախսով հանդերձ, վերջինս կայանի պայմանական վառելիքի գումարային ծախսի և կայանի շինաներից բաց թողնված գումարային էլեկտրաէներգիայի հարաբերությունն է: ՍՍՀՄ առավել խոշոր ջերմաէլեկտրակայաններից են Կրիվոյ ռոգի (սահմանված հզորությունը՝ 3000 հզ. կվտ), Նովոչերկասկի (2400 հզ. կվտ), Մերձ-դնեպրյան (2400 հզ. կվտ), Վորոշիլովգրադի (2300 հզ. կվտ) ՋԷԿ-երը, առավել խոշոր հիդրոէլեկտրակայաններից՝ Կրասնոյարսկի (սահմանված հզորությունը՝ 6000 հզ. կվտ), Բրատսկի (4100 հզ. կվտ) ՀԷԿ-երը:
Գրկ. Электроэнергетика и энергетическое строительство СССР, М., 1974.
Հ. Ադոնց
