ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, էլեկտրական լիցքեր և դրանց հետ կապված էլեկտրամագնիսական դաշտեր, ավելի լայն իմաստով՝ էլեկտրական լիցքերի գոյությունը, շարժումն ու փոխազդեցությունը դրսեվորող բազմազան երևույթների ամբողջությունը: «Է.» տերմինի բովանդակությունը ֆիզիկայի և տեխնիկայի զարգացման պրոցեսում զգալի փոփոխությունների է ենթարկվել: Էլեկտրական և մագնիսական պարզագույն երևույթները հայտնի էին դեռ վաղ հնադարում, առաջին տեղեկությունները կապված էին մարմինների «էլեկտրականացման» հետ: Օրինակ՝ շփելիս սաթն ընդունակ է դառնում ձգելու թեթև առարկաները: Սաթը հուն, կոչվում է «էլեկտրոն», և անգլիացի ֆիզիկոս Ու. Գիլբերտը, 1600-ին առաջարկեց «Է.» տերմինը: Գիլբերտն առաջինը սահմանազատեց էլեկտրական և մագնիսական ազդեցությունները, հաստատեց մագնիսական բևեռների գոյությունն ու անբաժանելիությունը, հայտնագործեց մակածված մագնիսացումը. XVlll դ. վերջին հայտնագործվեց էլեկտրաստատիկայի հիմնական օրենքը: Հ. Կավենդիշը (1773) և Շ. Կուլոնը (1785) հաստատեցին, որ լիցքավորված երկու մարմինների փոխազդեցության ուժը հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն (տես Կուլոնի օրենք): Է-յան քիմ. և կոնտակտային աղբյուրների (Լ. Գալվանի, 1791, Ա. Վոլտա, 1794) և էլեկտրական հոսանքի հայտնագործումը Է-յան ուսմունքի պատմության մեջ նոր փուլի հիմք դրեց: Սկսվեց էլեկտրական հոսանքի և նրա ֆիզիոլոգիական, քիմ. և ջերմային ազդեցությունների ինտենսիվ ուսումնասիրությունը: Իրարից անկախ, Ջ. Ջոուլը (1841) և Է. Լենցը (1842) ցույց տվեցին, որ հոսանքակիր հաղորդիչում անջատված ջերմության քանակը համեմատական է հոսանքի ուժի քառակուսուն և հաղորդչի դիմադրությանը (տես Ջոուլ-Լենցի օրենք): Դանիացի ֆիզիկոս Հ. Էրստեդը 1820-ին բացահայտեց Է-յան և մագնիսականության ուղղակի կապը: Հենց նույն ժամանակ էլ Ա. Ամպերը հայտնագործեց հոսանքների փոխազդեցության ուժերը: Այնուհետև նա ցույց տվեց, որ հաստատուն մագնիսների հատկությունները կարող են բացատրվել այն ենթադրությամբ, թե մագնիսացած մարմինների մոլեկուլներում էլեկտրական հոսանքներ են շրջանառում: Մինչև XX դ. 2-րդ քառորդը համարվում էր, որ բոլոր դեպքերում մագնիսական դաշտի սկզբնաղբյուրը շարժվող էլեկտրական լիցքերն են. սակայն նման պատկերացումն անբավարար էր: Ժամանակակից ֆիզիկան հաստատեց տարրական մասնիկների (առաջինը՝ էլեկտրոնի) սպինային մագնիսական մոմենտի առկայությունը, որը չի կարելի բացատրել միայն լիցքերի շարժումով: XIX դ. 2-րդ քառորդից սկսած Է. արագ թափով մուտք գործեց տեխնիկայի բնագավառը: Մինչ այդ Է. գործնական հատ ու կենտ կիրառություն ուներ (շանթարգել, պարզունակ հեռագիր ևն): 20-ական թթ. Երևան եկան առաջին էլեկտրամագնիսները, 30-ական թթ.՝ հեռագրման կատարելագործված սխեմաները, գալվանապլաստիկան, էլեկտրաշարժիչները և մեխանիկական ու էլեկտրական էներգիաների փոխակերպման վրա հիմնված գեներատորները, 40-ական թթ.՝ լուսավորման էլեկտրական առաջին սարքերը ևն: Էլեկտրատեխնիկայի բուռն զարգացումը՝ կապված ֆիզիկայի նվաճումների հետ, իր հերթին մեծ ազդեցություն ունեցավ Է-յան ուսմունքի վրա: Մ. Ֆարադեյը ցույց տվեց (1833), որ Է-յան հայտնի բոլոր ազդեցությունները կարող են ստացվել ցանկացած բնույթի Է-յան շնորհիվ և որ Է-յան բոլոր տեսակները նույնական են, իսկ դրանց տարբերությունները պայմանավորված են Է-յան քանակի և լարման (պոտենցիալի) մեծություններով: Կարևոր նշանակություն ունեցավ էլեկտրամագնիսական ինդուկցիայի հայտնագործումը. երկարատև փորձերից հետո Ֆարադեյն ապացուցեց, որ մագնիսական դաշտի միջոցով կարելի է էլեկտրական հոսանք ստանալ: 1833-34-ին նա սահմանեց էլեկտրոլիզի օրենքները, որոնք հիմք ծառայեցին էլեկտրաքիմիայի, հետագայում նաև էլեկտրական լիցքի ընդհատության վարկածի համար: Ֆարադեյը հանգեց էլեկտրական և մագնիսական դաշտերի դեռևս լրիվ չձևավորված պատկերացմանը, որը մի շարք ֆունդամենտալ հայտնագործությունների հիմքը դարձավ: XIX դ. 2-րդ կեսին Ֆարադեյի գաղափարները զարգացրին Ջ. Մաքսվելը և Հ. Հերցը: Մաքսվելը տվեց Ֆարադեյի տեսակետների մաթ. ձևակերպումը, բացահայտեց էլեկտրական և մագնիսական դաշտերի փոխադարձությունը. ինչպես ժամանակի ընթացքում մագնիսական դաշտի փոփոխությունն է մրրկային էլեկտրական դաշտ ծնում, այնպես էլ էլեկտրական դաշտի փոփոխությունն է մրրկային մագնիսական դաշտ ստեղծում: Ընդ որում, էլեկտրական դաշտի փոփոխման արագությանը համեմատական մեծությունը նման է (մագնիսական դաշտի հետ ունեցած կապի իմաստով) էլեկտրական հոսանքին. Մաքսվելն այն անվանեց շեղման հոսանք: Է-յան օրենքների այսպիսի ընդհանրացումը հանգեցրեց սկզբունքորեն նոր հետևությունների և կանխագուշակումների: Մաքսվելը բացահայտեց էլեկտրամագնիսական ցանկացած փոխազդեցության տարածման արագության վերջավորությունը (կանխատեսել էր դեռևս Ֆարադեյը) և ազատ էլեկտրամագնիսական ալիքների (իրենց հիմնական բոլոր հատկություններով նույնական են լուսային ալիքների հետ) գոյության հնարավորությունը: Լիովին հաստատվեց, որ լույսը էլեկտրամագնիսական ալիքների համախումբ է: Լույսի էլեկտրամագնիսական տեսությունը նշանակում էր օպտիկայի և Է-յան ուսմունքի միավորումը: Էլեկտրամագնիսական դաշտի տեսությունը հաստատուն տեղ գտավ Է-յան ուսմունքի մեջ: Հերցի ստացած արդյունքները խթանեցին կապի նպատակներով էլեկտրամագնիսական ալիքների գործնական կիրառությանը: Այդ խնդիրը տեխ. և մշակութային առաջընթացում դարակազմիկ լուծում ստացավ 1895-ին, ռադիոյի գյուտի (Ա. Ս. Պոպով) շնորհիվ: Էլեկտրամագնիսական դաշտի վերաբերյալ դինամիկական հասկացությունների (զանգված, էներգիա, իմպուլս) կիրառելիությունը նախադրյալներ ստեղծեց վերանայելու դաշտը իբրև հատուկ միջավայրի (եթեր) վիճակ համարելու պատկերացումները: Դաշտի դինամիկայի ուսումնասիրությամբ ձեռք բերված նվաճումները հանգեցրին ֆիզիկական դաշտի ժամանակակից պատկերացմանը, ըստ որի էլեկտրամագնիսական դաշտը մատերիայի մի տեսակ է, որին հատուկ է անընդհատությունն ըստ տարածության և ժամանակի: XIX դ. վերջին Է-յան ուսմունքի զարգացման մեջ նոր փուլ սկսվեց: Ստեղծվեց դասական էլեկտրոնային տեսությունը (Հ. Լորենց), որը բացահայտեց Է-յան ատոմիզմը և զարգացրեց նյութի էլեկտրական կառուցվածքի մասին ուսմունքը: Էլեկտրոնային տեսությունը խնդիր դրեց միկրոսկոպիկ էլեկտրադինամիկայի հիման վրա բացատրել էլեկտրամագնիսական մակրոսկոպիկ օրենքները և նյութի էլեկտրական, մագնիսական ու օպտիկական հատկությունները: Սակայն XX դ. սկգբին էլեկտրոնային տեսության համար մեծ դժվարություններ ծագեցին, որոնց հաղթահարման հետ էին կապված ֆիզիկայում տեղի ունեցած հեղաշրջումը և ժամանակակից կարևորագույն ֆիզիկական տեսությունների ստեղծումը: Շարժվող մարմիններում էլեկտրամագնիսական երևույթների բացատրության ժամանակ եղած հակասությունների լուծման որոնումները հանգեցրին հարաբերականության տեսությանը և էլեկտրամագնիսական դաշտը որպես եթերի վիճակ դիտելու պատկերացումներից հրաժարվելուն: Նյութի ատոմներից լույսի առաքման և կլանման երևույթների հետ կապված դժվարությունների հաղթահարման ձգտումը, ինչպես նաև էլեկտրամագնիսական ճառագայթման և լիցքավորված տարրական մասնիկների փոխազդեցությանը վերաբերող նոր փաստերը հանգեցրին էլեկտրամագնիսական դաշտի երկակի՝ մասնիկաալիքային հատկությունների հայտնագործմանը: Ա. Էյնշտեյնը ցույց տվեց (1905), որ այդ դժվարությունները կարելի է հաղթահարել՝ ելնելով միայն այն պատկերացումից, որ էլեկտրամագնիսական և, մասնավորապես, լուսային ալիքների էներգիան խտացված է խիստ որոշակի, ընդհատ բաժիններում (քվանտներ): Այսպիսով, պարզվեց, որ էլեկտրամագնիսական դաշտը, անընդհատության հատկության հետ մեկտեղ, օժտված է նաև ընդհատ, ատոմիստական կաոուցվածքով: Հետագայում ալիքային պատկերացումները կիրառվեցին նաև տարրական մասնիկների հատկությունները բացատրելու համար, ստեղծվեց քվանտային մեխանիկան, իսկ ավելի ուշ՝ քվանտային էլեկտրադինամիկան:
Գրկ. Лауэ М., История физики, пер. с нем., М., 1956 Спасский Б. И., История физики, ч. 1, М., 1963 Дорфман Я. Г., Всемирная история физики с древнейших времен до конца XVIII в., М., 1974.
