ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, էլեկտրական և մագնիսական մեծությունների միավորների չափման համակարգեր: Էլեկտրական միավորներից են լիցքի, հոսանքի, պոտենցիալի, էլեկտրական դաշտի լարվածության, էլեկտրական ինդուկցիայի, ինդուկցիայի հոսքի միավորները, մագնիսականից՝ մագնիսական դաշտի լարվածության և ինդուկցիայի, մագնիսական հոսքի, ինդուկտիվության միավորները: Ֆիզիկական այլ մեծությունների միավորների հետ դրանք խմբավորվում են միավորների տարբեր համակարգերում (տես Միավորների համակարգեր): Միավորների էլեկտրաստատիկ բացարձակ համակարգում (CGSE) հիմնական միավորներն են սանտիմետրը (սմ), գրամը (գ) և վայրկյանը (վրկ). երբեմն չորրորդ հիմնական միավոր են համարում վակուումի դիէլեկտրիկ թափանցելիությունը: CGSE համակարգում էլեկտրականության քանակի միավորը, որը հատուկ անվանում չունի, որոշվում է Կոգոնի օրենքի հիման վրա: Միավորների էլեկտրամագնիսական բացարձակ համակարգում (CGSM) հիմնական միավորները նույնն են, ինչ CGSE համակարգում (սանտիմետր, գրամ, վայրկյան, երբեմն հիմնական միավոր է համարվում նաև վակուումի մագնիսական թափանցելիությունը), սակայն ածանցյալ միավորների սահմանման համար օգտագործվում են էլեկտրամագնիսական երևույթների օրինաչափությունները, մասնավորապես, հոսանքների մագնիսական փոխազդեցությունը: Այդ պատճառով միևնույն մեծությունների միավորները CGSE և CGSM համակարգերում ունեն տարբեր չափայնություն (տես Չափայնության վերլուծություն): CGSM համակարգում հոսանքի միավոր է ընդունված այն հոսանքը, որն անցնելով վակուումում միմյանցից 1 սմ հեռավորության վրա գտնվող բարակ, անվերջ երկար զուգահեռ հաղորդիչներով, դրանց յուրաքանչյուր սանտիմետրի միջև ստեղծում է փոխազդեցության 2 դն ուժ: Այս համակարգում մագնիսական դաշտի լարվածության միավորը կոչվում է էրստեդ (Է), մագնիսական ինդուկցիայինը՝ գաուս (գս), մագնիսական հոսքինը՝ մաքսվել (մքս): Գաուսյան սիմետրիկ համակարգում (CGS) վակուումի դիէլեկտրիկ և մագնիսական թափանցելիությունները մեկի են հավասար, հետևաբար էլեկտրական մեծությունների միավորները համընկնում են CGSE, իսկ մագնիսական մեծություններինը՝ CGSM համակարգի համապատասխան միավորներին: Սակայն CGS համակարգի կիրառման դեպքում էլեկտրամագնիսական երևույթներ նկարագրող շատ հավասարումների մեջ բացահայտ տեսքով մտնում է համեմատականության՝ 1 c-ի (c-ն լույսի արագությունն է վակուումում) հավասար չափային գործակիցը: Տես նաև Գաուսյան համակարգ: Ներկայումս լայնորեն կիրառվում է գործնական միավորների համակարգը (MKSA), որի հիմնական միավորներն են մետրը (մ), կիլոգրամը (կգ), վայրկյանը (վրկ) և ամպերը (ա). մյուս միավորներից են վոլտը (վ), կուլոնը (կ), օհմը ևն: MKSA համակարգում (երբեմն կոչվում է նաև Ջորջիի համակարգ՝ իտալացի ինժեներ Ջորջիի անունով, որը 1901-ին առաջարկել է այդ համակարգի նախատիպը) ածանցյալ միավորների սահմանման համար օգտագործվող հավասարումները գրվում են այսպես կոչված ռացիոնալացված տեսքով (հավասարումների մեջ ավելանում է 4 գործակիցը): MKSA-ն, որպես բաղկացուցիչ մաս, մտնում է Միավորների միջազգային համակարգի մեջ: Տարբեր համակարգերի միավորների կապն արտահայտված է վերևի աղյուսակում:
Բ. Խաչատրյան
