Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ, լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում: Է. հ-ի բնույթը կախված է հոսանքի առաջացման միջավայրից: Մետաղներում Է. հ. ազատ էլեկտրոնների, էլեկտրոլիտներում՝ դրական և բացասական իոնների, կիսահաղորդիչներում՝ էլեկտրոնների և խոռոչների, գազերում և վակուումում՝ էլեկտրոնների և իոնների ուղղորդված շարժումն Է. առաջանում է էլեկտրական դաշտի ազդեցությամբ և կոչվում է հաղորդականության հոսանք: Դիէլեկտրիկներում Է. հ. կապված լիցքերի՝ էլեկտրական դիպոլների շեղումն է որոշակի ուղղությամբ, այդպիսի հոսանքը կոչվում է շեղման հոսանք: Լիցքավորված մարմնի շարժման հետևանքով լիցքերի ձեռք բերած ուղղորդված շարժումը կոչվում է կոնվեկցիոն հոսանք: Է. հ-ի ուղղությունը պայմանականորեն համընկնում է դրական լիցքավորված մասնիկների շարժման ուղղությանը, սակայն իրականում մետաղներում հոսանքն ունի հակառակ ուղղություն: Է. հ. քանակապես բնութագրվում է էլեկտրական հոսանքի ուժով և էլեկտրական հոսանքի խտությամբ: Միավորների միջազգային համակարգում Է. հ-ի ուժի միավորը ասպերն (ա) է: Ժամանակի ընթացքում անփոփոխ մեծությամբ և ուղղությամբ Է. հ. կոչվում է հաստատուն հոսանք, իսկ փոփոխական մեծություն և ուղղություն ունեցող Է. հ.՝ փոփոխական հոսանք: Է. հ. կարելի է հայտնաբերել տարբեր ազդեցությունների շնորհիվ: Հոսանքակիր հաղորդիչում ջերմություն է անջատվում, որը վկայում է Է. հ-ի ջերմային ազդեցության մասին: Անջատված ջերմության քանակը որոշվում է Ջոուլ-Լենցի օրենքով: Է. հ-ին հատուկ է նաև քիմ. ազդեցությունը, օրինակ, էլեկտրոլիզի դեպքում քիմ. փոփոխությունները պայմանավորված են Է. հ-ով: Որոշակի պայմաններում ջերմային կամ քիմ. ազդեցությունները կարող են բացակայել, մինչդեռ մագնիսական դաշտն անբաժան է Է. հ-ից. այն գոյություն ունի հոսանքակիր ցանկացած հաղորդիչի շուրջը՝ անկախ որևէ գործոնից: Վերոհիշյալ ազդեցությունների վրա է հիմնված Է. հ-ի մեծության չափման սարքերի աշխատանքն:

Ա. Ավետիսյան