ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ, սարքերի պարփակված հարադրություն, որոնց միջով անցնում է էլեկտրական հոսանք: Պարզագույն Է. շ. բաղկացած է էլեկտրաէներգիայի աղբյուրից ու ընդունիչից և աղբյուրի սեղմակները ընդունիչի սեղմակներին միացնող հաղորդալարերից: Ճյուղավորված Է. շ-ներում որևէ կետերի (հանգույցների) միջև հոսանքի համար կա երկու և ավելի ճանապարհ (ճյուղ): Բաշխված հաստատուններով Է. շ-ում հոսանքը երկու հանգույցների միջև գտնվող տեղամասում անընդհատ փոխվում է, իսկ կենտրոնացված հաստատուններով Է. շ-ում հոսանքը այդ տեղամասի բոլոր կետերում ունի միևնույն արժեքը: Գծային են կոչվում այն Է. շ-ները, որոնցում լարումը ցանկացած երկու կետերի միջև համեմատական է հոսանքին: Ոչ գծային են կոչվում այն Է. շ-ները, որոնք այդ պահանջին չեն բավարարում այն պատճառով, որ դրանց պարամետրերը (R ակտիվ դիմադրությունը, Լ ինդուկտիվությունը, С ունակությունը) փոխվում են հոսանքի կամ լարման փոփոխման դեպքում: Դրանցից առավելապես տարածված են ուղղիչները, պողպատե միջուկներով կոճերը, ինչպես նաև տիրիտային դիմադրությունները, բարետերները ևն: Կենտրոնացված հաստատուններով, հաստատուն կամ փոփոխական հոսանքի գծային Է. շ-ներում հոսանքի հաշվարկը կատարվում է Օհմի (տես Օհմի օրենք) և Կիրխհոֆի (տես Կիրխհոֆի կանոններ) օրենքներով:
Լ. Եղիազարյան
