Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՊԱՐՊՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՊԱՐՊՈՒՄ, (գազերում), էլեկտրական դաշտի ազդեցությամբ գազով էլեկտրական հոսանքի անցման երեվույթը: Ուղեկցվում է ձայնային էֆեկտներով և բնութագրական մի շարք պրոցեսներով (գազի ատոմների և մոլեկուլների գրգռում, իոնացում, դիֆուզիա, ռեկոմբինացիա, էլեկտրոնների էմիսիա ևն): Սովորական պայմաններում գազերով հոսանք անցնել չի կարող, քանի որ դրանք բաղկացած են չդիսոցված (չեզոք) մոլեկուլներից: Է. պ-ման առաջացման համար անհրաժեշտ է տիեզերական ճառագայթների կամ իոնացնող այլ գործոնների (բարձր ջերմաստիճան, ուլտրամանուշակագույն ճառագայթներ ևն) ազդեցությունը: Է. պ. կարող է տարբեր ձևեր ընդունել՝ կախված գազի ճնշումից, ջերմաստիճանից և քիմ. բաղադրությունից, արտաքին դաշտի լարվածության մեծությունից և հաճախականությունից: Հիմնականում տարբերում են Է. պ-ման երկու տեսակ. 1. ոչ ինքնուրույն պարպում, որը տեղի է ունենում գազի թույլ իոնացման և, հետնաբար, էլեկտրական ոչ մեծ հոսանքի դեպքում: Ոչ ինքնուրույն պարպումը որևէ ճառագայթումով չի ուղեկցվում, այդ պատճառով կոչվում է մութ կամ հանդարտ պարպում: Այն պահպանելու համար անհրաժեշտ է մշտապես գործող իոնացնող արտաքին որևէ գործոն: 2. ինքնուրույն պարպում, որի ժամանակ գազով անցնող հոսանքն ինքն է անհրաժեշտ պայմաններ ստեղծում գազում էլեկտրոնների և իոնների քանակը պահպանելու համար: Թույլ էլեկտրական դաշտի դեպքում գազով անցնող հոսանքի և էլեկտրական լարման միջև գոյություն ունի գծային կախում (վոլտ-ամպերային բնութագծի I մասը, նկ.): Լարման որոշակի արժեքից սկսած՝ էլեկտրական հոսանքի աճը դադարում է (հագեցման հոսանք, նկարի II մասը): Էլեկտրական դաշտի հետագա մեծացումը հանգեցնում է էլեկտրոնների և իոնների «հեղեղային» աճին, որի հետեվանքով հոսանքը կտրուկ մեծանում է (նկարի III մասը): Այս երևույթը պայմանավորված է հարվածային իոնացումով, որը տեղի է ունենում, երբ միմյանց հաջորդոդ հարվածների միջև ընկած ժամանակամիջոցում էլեկտրոնները արտաքին դաշտում հասցնում են անհրաժեշտ էներգիա ձեռք բերել՝ գազի չեզոք մոլեկուլները իոնացնելու համար: Ցածր ճնշման պայմաններում պարպման հեղեղային ռեժիմը կարող է ընթանալ նույնիսկ լարման Փոքր արժեքների դեպքում: Երբ պարտման հոսանքի ուժը հասնում է որոշակի մեծության, Է. պ. ի վիճակի է լինում ինքն իրեն պահպանել (էլեկտրական դաշտում արագացված էլեկտրոններն ու իոնները կաթոդից նոր էլեկտրոններ են կորզում, որոնք ապահովում են հեղեղի հետագա զարգացումը), սկսվում է ինքնուրույն պարպման փուլը, կամ, այլ կերպ ասած, գազի «ծակում» է տեղի ունենում, որն ուղեկցվում է տեսանելի լույսի արձակումով: Ս՜ի քանի տասնյակ մմսնդ. ս. ճնշման դեպքում, հեղեղային «ծակումից» հետո, Է. պ. ընդունում է մարմրող պարպման տեսք, որին հատուկ է լուսավոր և մութ տիրույթների հերթափոխությունը: Մթնոլորտային ճնշման տակ էլեկտրական դաշտի բաշխումը խիստ անհամասեռ է դառնում: Այդ պայմաններում գազի «ծակումը» տեղի է ունենում ճյուղավորվող նեղ ստրիմերների երկարությամբ, Է. պ-ման այդ տեսակը կոչվում է էլեկտրական կայծ: Մեծ մասշտաբի էլեկտրական կայծի օրինակ է բնական պայմաններում դիտվող կայծակը: Եթե մարմրող պարպման ժամանակ պայմաններ ստեղծվեն էլեկտրական հոսանքի հետագա աճի համար, ապա այն կարող է ձեափոխվել աղեղային պարպման (տես էլեկտրական աղեղ), որի բնորոշ հատկանիշը գազով անցնող հոսանքի հակադարձ կախումն է լարման մեծությունից: Մեծ կորություն ունեցող էլեկտրոդների շուրջը տեղի է ունենում, այսպես կոչված, պսակաձև պարպում, որը պայմանավորված է էլեկտրական դաշտի խիստ անհամասեռությամբ: Կայծային և պսակաձև պարպմանը բնույթով շատ նման է վրձնաձև պարպումը, որը կազմված է մեծ թվով կարճ, լուսավոր թելիկներից: Հատուկ խումբ են կազմում բարձր հաճախականության Է. պ-ները: Որոշ դեպքերում դրանք նմանվում են հաստատուն հոսանքի Է. Պ-ներին և, համապատասխանաբար, դիտվում են իբրև բարձր հաճախականության աղեղային, պսակաձև կամ այլ տեսակի պարպում: Գերբարձր հաճախականությունների պայմաններում տեղի է ունենում ջահային պարպում, որը համապատասխան նմանակը չունի հաստատուն հոսանքի դեպքում: Է. պ. գազերում կարող է տեղի ունենալ նաև բարձր հաճախականության մագնիսական դաշտի ազդեցությամբ: Է. պ-ման բազմատեսակ ձևերը և հատկությունները գործնական լայն կիրառություն ունեն տեխնիկայի տարբեր բնագավառներում (ռադիոտեխնիկա, էլեկտրատեխնիկա, լուսատեխնիկա ևն): Է. պ-ման միջոցով ստացվում է կառավարվող ջերմամիջուկային ռեակցիայի համար անհրաժեշտ բարձր ջերմաստիճանը, իրագործվում է գազի մոլեկուլների և ատոմների գրգռումը, որը հիմք է ծառայում գազային քվանտային գեներատորների ստեղծման համար:

Կ. Քոչարյան