Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑ, բաղկացած է էլեկտրական գծերից, ենթակայաններից, բաշխիչ և փոխարկիչ կետերից, որոնք էլեկտրակայանները կապում են սպառիչներին: Է. ց-երը լինում են փոփոխական և հաստատուն հոսանքի: Փոփոխական հոսանքի Է. ց-ի հաճախականությունը ՄՍՀՄ-ում 50 հց է, ԱՄՆ-ում՝ 60 հց: Այս ցանցերը լինում են միաֆազ կամ եռաֆազ: Հաստատուն հոսանքի Է. ց. հիմնականում կիրառվում է գունավոր մետալուրգիայում, քաղաքային և երկաթուղային էլեկտրական տրանսպորտում (վերջինում օգտագործվում է նաև փոփոխական հոսանք) ևն: Է. ց-երը լինում են ցածր (մինչև 1000 վ) և բարձր (1000 վ-ից ավելի) լարման: Ներքին Է. ց-երը կատարվում են մեկուսացված լարերով, էլեկտրական քուղերով, էլեկտրական մալուխներով, մերկ լարերով ու էլեկտրական դողերով: Արտաքին էլեկտրական ցանցերը բաղկացած են ստորգետնյա և ստորջրյա էլեկտրամալուխային կամ օդային էլեկտրահադորդման գծերից: Ըստ իրենց նշանակության Է. ց-երը լինում են տարանցումային` օդային գծեր (միմյանց են կապում առանձին խոշոր էներգահամակարգեր), սնող (էլեկտրական էներգիան սնող աղբյուրներից հասցնում են տրանսֆորմատորային և բաշխիչ ենթակայաններին), բաշխիչ (սնում են առանձին սպառիչների կամ սպառիչ են թակայանների): Լինում են բաց (շառավղային), կիսափակ և փակ (նկ.), ինչպես նաև տեղական և շրջանային Է. ց-եր: Տեղական Է. ց-երը ընդգրկում են 35 կվ և ավելի ցածր լարման, իսկ շրջանային ցանցերը՝ 35 կվ ից բարձր լարման գծեր:

Լ. Եղիազարյան