Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԱԼԻՔՆԵՐ, տարածության մեջ վերջավոր արագությամբ տարածվող էլեկտրամագնիսական դաշտ: Է. ա-ի հետ էլեկտրամագնիսական էներգիա է տեղափոխվում: Է. ա-ի գոյությունը, որ կանխագուշակել է Մ. Ֆարադեյը (1832), իսկ փորձով հայտնաբերել Հ. Հերցը (1886-89), տեսականորեն բխում է Մաքսվելի հավասարումներից: Պատահական չէ, որ Է. ա. և լույսը տարածվում են նույն արագությամբ, թե տեսականորեն, թե փորձերով ապացուցված է, որ լույսը որոշակի երկարության Է. ա-ի համախումբ է: Է. ա-ի աղբյուրը ժամանակի ընթացքում փոփոխվող էլեկտրական հոսանքներն են, այսինքն՝ արագացումով շարժվող լիցքերը: Անկախ ծագման բնույթից, էլեկտրամագնիսական բոլոր ալիքները լայնական են. դա նշանակում է, որ ալիքը բնութագրող մեծությունները՝ էլեկտրական (E) ու մագնիսական (H) դաշտերի լարվածության վեկտորները և ալիքի տարածման ուղղությունը, փոխուղղահայաց են (նկ. ): E, H ն v (տարածման արագություն) վեկտորները կազմում են աջ պտուտակային համակարգ: Սակայն եթե ալիքը տարածվում է ոչ թե վակուումում, այլ, օրինակ, հաղորդիչ հարթ պատերով սահմանափակված միջավայրում, ապա E և H դաշտերը ալիքի տարածման ուղղության վրա կարող են ունենալ զրոյից տարբեր բաղադրիչ (այդպիսի դեպք տեղի ունի ալիքատարներում): Է. ա. լինում են հարթ, գնդային: Ալիքը կոչվում է հարթ (գնդային), եթե այն կետերը, որտեղ դաշտի E և H լարվածությունները ժամանակի տվյալ պահին ունեն միևնույն արժեքը, դասավորված են մի հարթության (գնդի) վրա: Օրինակ, նկարում պատկերված ալիքը հարթ է, որովհետե Е և Н դաշտերը (ճառագայթման աղբյուրից մեծ հեռավորության դեպքում) yz հարթության վրա ժամանակի տվյալ պահին գործնականորեն նույն արժեքն ունեն: Մեներանգ կոչվում է էլեկտրամագնիսական այն ալիքը, որի E և H վեկտորները ժամանակից կախված՝ յուրաքանչյուր կետում փոփոխվում են ներդաշնակ (սինուսի կամ կոսինուսի) օրենքով, այսինքն կատարում են որոշակի v հաճախականության ներդաշնակ տատանումներ: Հաճախականության, ալիքի երկարության և տարածման արագության կապն արտահայտվում է v բանաձևով: Ժամանակի ընթացքում ցանկացած կերպով փոփոխվող Է. ա. կարելի է ներկայացնել մեներանգ ալիքների գումարի տեսքով: Է. ա. բնութագրվում են նաև բևեռացումով, որը կարող է լինել հարթ, շրջանային կամ էլիպսային: Հարթ բևեռացման ալիքի E վեկտորի տատանումները բոլոր կետերում տեղի են ունենում զուգահեռ ուղիղների ուղղությամբ: Իսկ եթե E վեկտորի ծայրը ժամանակի ընթացքում տարածման ուղղությանն ուղղահայաց հարթության մեջ գծում է շրշանագիծ կամ էլիպս, ապա բևեռացումը համապատասխանաբար շրջանային կամ էլիպսային է: Է. ա-ին, ինչպես բոլոր ալիքներին, հատուկ են բեկման, անդրադարձման, ցրման, կլանման, ինչպես նաև դիֆրակցիայի և ինտերֆերենցիայի երևույթները: Տարբեր երկարության Է. ա., որոնք խմբավորվում են առանձին տիրույթներում (տես աղյուսակը), ունեն տարբեր հատկություններ:

Գրկ. Горелик Г. С, Колебания и волны, 2 изд., М., 1959.

Բ. Խաչատրյան