Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՓՆՏՐԻՉ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՓՆՏՐԻՉ, ավտոմատ հեռախոսային և հեռագրային կայաններում բաժանորդային գծերը միացնող կոմուտացիոն (փոխարկող) սարք: Ունի մեկ մուտք և մի քանի ելք, յուրաքանչյուր ընտրվող ելք փնտրիչի միջոցով միացվում է մուտքին: Է. փ. բաղկացած է ռոտորից (առաձգական նյութից պատրաստված մի շարք քսվիչներից, որոնք կոշտ միացված են ատամնանիվի կամ արգելանիվի հետ և կազմում են փնտրիչի մուտքը, վերջինիս միացվում է փնտրող գիծը), ստատորից (անշարժ, իրարից մեկուսացված կոնտակտային արույրե լամելներից կամ լարերից, որոնք կազմում են ելքեր կամ էլ փնտրիչի դաշտը, որոնց միացվում են փնտրվող գծերը) և հաղորդակից (փնտրիչի քսվիչները շարժման մեջ դնող սարքավորում): Է. փ-ները տարբերում են ըստ շարժման տեսակի ու քսվիչների թվի, դաշտի կառուցվածքի, հաղորդակի համակարգի: Կան քսվիչների մեկ (շրջանաձև կամ ուղղագիծ) և երկու (մեկը՝ շրջանաձև, մյուսը՝ ուղղագիծ) շարժմամբ Է. փ-ներ: Քսվիչների թիվը և շարժման տեսակը որոշվում են փնտրիչի դաշտի կառուցվածքով և ունակությամբ: Առավել հաճախ կիրառվում են եռալար մուտքերով և ելքերով Է. փ-ներ: Փոքր ունակության Է. փ-ներն ունեն 10 կամ 15, մեծ ունակության Է. փ-ները՝ 100, 200, 300, 500 ելք: Փոքր ունակության Է. փ-ներն ունեն քսվիչների մեկ շարժում, անհատական դաշտ, եռակամ երկճառագայթային քսվիչներ: Որպես հաղորդակ օգտագործվում է էլեկտրամագնիսը: Վերջինիս խարսխի ձգման (ուղիղ հաղորդակ) կամ բացթողման (հակադարձ հաղորդակ) դեպքում քսվիչները քայլ առ քայլ շարժվում են կոնտակտային դաշտով այնքան ժամանակ, քանի չեն միացել փնտրվող գծին: Անջատման դեպքում քսվիչները Է. փ-ի կառավարման սարքում ստեղծված հոսանքի իմպուլսների ազդեցությամբ վերադառնում են նախնական դիրքին: Այդ տիպի հաղորդակը կոչվում է անհատական, իսկ այդպիսի հաղորդակով Է. փ. քայլային (նկ.): Անհատական հաղորդակով քսվիչի դաշտում (բաղկացած է 10 խմբից՝ դեկադ, յուրաքանչյուրում՝ 10 ելք), քսվիչների առաջին շարժման (բարձրացման) պրոցեսում ընտրվում է խումբը, իսկ երկրորդ շարժման (պտտական) պրոցեսում՝ ելքը: Այդպիսի փնտրիչները կոչվում են դեկադա-քայլային: Մեքենայական փնտրիչի դաշտը տրոհվում է 25 խմբի, յուրաքանչյուրը՝ 20 ելքով: Քսվիչների առաջին շարժման (շրջանաձև) պրոցեսում ընտրվում է խումբը, իսկ երկրորդ շարժման (շառավղային) պրոցեսում՝ եյքը: Է. փ-ները կիրառվում են հեռախոսային կայաններում (ԱՀԿ) և ավտոմատ ու հեռուստամեխանիկական սարքերում:

Վ. Բեգլարյան