ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ
ԷԼԵԿՏՐԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ, մետալուրգիական գիտության ու տեխնիկայի բնագավառ, ընդգրկում է հանքաքարերից ու կոնցենտրատներից մետաղների արտազատումը, մետաղների և համաձուլվածքների հալումն ու զտումը, ինչպես նաև էլեկտրական հոսանքով դրանց տաքացումն ու համապատասխան կառուցվածքի բերելը: Է. բաժանվում է երկու բնագավառի, առաջինում կիրառվում են էլեկտրաջերմային մեթոդները (տես էլեկտրաթերմիա), այսինքն՝ օգտագործում են էլեկտրական երևույթի ջերմային էֆեկտը, երկրորդում՝ էլեկտրաքիմիական մեթոդները (տես էլեկտրաթերմիա), հատկապես էլեկտրոլիզը՝ ինչպես սովորական (ջրային լուծույթների էլեկտրոլիզ), այնպես էլ բարձր (լուծված աղերի էլեկտրոլիզ) ջերմաստիճաններում: Սև մետալուրգիայում կիրառում են առավելապես էլեկտրաջերմային, իսկ գունավոր մետալուրգիայում՝ էլեկտրաջերմային և էլեկտրաքիմիական մեթոդները:
