Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՊՈՂՊԱՏԱՀԱԼՄԱՆ ՊՐՈՑԵՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՊՈՂՊԱՏԱՀԱԼՄԱՆ ՊՐՈՑԵՍ, պողպատի հալումը էլեկտրական վառարաններում: Առավել տարածված է պողպատի հալումը աղեղային վառարաններում (տես Աղեղային էլեկտրական վառարան), քանի որ դրանցում կարելի է ստանալ պողպատի ավելի լայն տեսականի (սովորականից մինչև բարձրորակ)՝ մի քանի տասնյակ կիլոգրամից մինչև 200 տ և ավելի զանգվածով հալելու դեպքում: Է. պ-ները աղեղային վառարաններում լինում են. ըստ վառարանների հրահեստ աղյուսապատման քիմ. բաղադրության և կիրառվող խարամի՝ հիմնային և թթվային, ըստ լցման ֆիզիկական վիճակի՝ կարծր լցումով (պողպատի ջարդոն) և հեղուկ լցումով (հեղուկ պողպատ, թուջ), ըստ պրոցեսի բնույթի՝ վերահալում, որը կատարվում է միայն խարամի տակ (գլխավոր նպատակն է մետաղի հալումը և մի փոքր զտումը) և հալում՝ օքսիդացմամբ. վերջինս ուղեկցվում է պողպատի եռալով, որի ընթացքում հեռանում են գազերն ու անցանկալի խառնուկները: