Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿԱ (էլեկտր… և ստատիկա), ֆիզիկայի բաժին, ուսումնասիրում է հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ անշարժ էլեկտրական լիցքերի փոխազդեցությունն ու հավասարակշռության պայմանները: Է-ի հիմքում ընկած է Կուլոնի օրենքը: Հանգստի վիճակում գտնվող լիցքերի ստեղծած դաշտը կոչվում է էլեկտրաստատիկ դաշտ, իսկ այդ լիցքերի Փոխազդեցության ուժերը կոչվում են էլեկտրաստատիկ ուժեր: Դրանք պոտենցիալային ուժեր են, այդ պատճառով էլեկտրաստատիկ դաշտի ուժային բնութագրից՝ E լարվածությունից (տես Լարվածություն էլեկտրական դաշտի) բացի, օգտվում են նաև դաշտի էներգետիկ բնութագրից՝ պոտենցիալից (տես Պոտենցիալ էլեկտրական): Է-ի օրենքները կիրառվում են էլեկտրական ապարատներում, էլեկտրոնաօպտիկական սարքերում և արագացուցիչներում՝ լիցքավորված մասնիկների կիզակետման համար: