ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ՄԵՔԵՆԱ
ԷԼԵԿՏՐԱՍՏԱՏԻԿ ՄԵՔԵՆԱ, հողից մեկուսացված հաղորդիչների վրա էլեկտրական լիցքեր ստանալու սարք, որտեղ օգտագործվում են շփման միջոցով մարմինների էլեկտրականացման կամ էլեկտրաստատիկ ինդուկցիայի երևույթները և լիցքերի աստիճանական կուտակման մեթոդը: Էլեկտրաստատիկ պարզագույն մեքենան ապակե սկավառակ է, որը պտտվելիս հպվում է կաշվե ամալգամացված բարձիկիս և էլեկտրականանում: Էլեկտրաստատիկ ինդուկցիայի հիման վրա աշխատող Է. մ-ներից է Ուիմշերստի (Ուիմսհերստի) հանրահայտ մեքենան, որը կազմված է հակառակ ուղղությամբ պտտվող երկու մեկուսիչ սկավառակներից, դրանց շառավիղների ուղղությամբ փակցված հաղորդիչ շերտերի վրա էլեկտրական լիցքեր են կուտակվում (սկավառակներից մեկի վրա դրական, մյուսի վրա՝ բացասական): Բարձր լարումներ (մի քանի մլն վ կարգի) ստանալու համար օգտագործում են լիցքակիր շարժվող ժապավենի (վերջինս լիցքեր է ստանում ցածրավոլտ որևէ գեներատորից) օգնությամբ մետաղե սնամեջ գունդը ներսից շարունակաբար լիցքավորելու եղանակով աշխատող սարքը, որը կոչվում է Վան դե Գրաֆի գեներատոր: Է. մ-ները կիրառվում են դպրոցական ցուցադրական փորձերում, էլեկտրաթերապիայում, արագացուցիչներում (Վան դե Գրաֆի գեներատորը): Տես նաև էլեկտրական մեքենա: Յու. Սյունց
