ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՏՐԱՎՄԱ
ԷԼԵԿՏՐԱՏՐԱՎՄԱ, օրգանիզմում առաջացած ախտաբանական փոփոխությունները և վնասվածքները՝ էլեկտրական հոսանքով ախտահարվելիս: Է-ի դեպքում վնասվածքների բնույթը կախված է էլեկտրական հոսանքի ուժից, լարվածությունից, ազդեցության տևողությունից և ֆիզիկական հատկություններից (հաստատուն, փոփոխական), հոսանքի լիցքաթափումից առաջացած փոխարկման էներգիայի բնույթից: Էլեկտրական հոսանքի ազդեցության ներքո օրգանիզմում կարող են առաջանալ տեղական և ընդհանուր փոփոխություններ, աննշան ցավային զգացողություններ (առանց հյուսվածքների ու օրգանների ֆունկցիոնալ և օրգ. ախտահարումների), ծանր այրվածքներ (մարմնի առանձին հատվածների այրում, ածխացում), կոտրվածքներ, սիրտ-անոթային, նյարդա-հոգեկան, նյութափոխանակության խանգարումներ, ներգանգային ճնշման բարձրացում, արյան կազմի փոփոխություններ, հաճախ՝ գիտակցության կորուստ և մահ: Առաջին օգնությունը, տուժածին հեռացնել դեպքի վայրից, պայքար կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների դեմ, բարդությունների կանխարգելում: Վերակենդանացման միջոցառումներ, արհեստական շնչառություն, լոբելինի ներարկումներ, սրտային դեղամիջոցներ: Վերակենդանացման միջոցառումները պետք է լինեն երկարատև և անհնդհատ, մինչև կյանքի կամ մահվան ակնհայտ նշանների ի հայտ գալը:
