ՀՍՀ/ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ
ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ, մեքենաշինության մեջ օգտագործվող մշակման եղանակների համախումբ, որի հիմքում ընկած է մշակման գոտում էլեկտրական էներգիայի անմիջական կամ նրա հետ կապված ֆիզիկական երևույթների օգտագործումը: Է. և Է. մ. ե. բաժանում են չորս խմբի, առաջին խմբի մեջ մտնում են էլեկտրաէրոզիոն մշակման տեսակները, երկրորդի մեջ՝ ճառագայթային մշակման եղանակները: Այս դեպքում որպես «գործիք» օգտագործում են դետալի վրա կիզակետված էներգետիկ բարձր խտություն ունեցող լուսային, էլեկտրոնային և իոնային ճառագայթները: Ըստ ճառագայթների բնույթի, այս եղանակները կոչվում են՝ լուսա, էլեկտրոնա և իոնա-ճառագայթային, որոնց համար համապատասխանաբար էներգիայի աղբյուրներ են օպտիկական քվանտային գեներատորը (լազեր), էլեկտրոնային թնդանոթը, իոնիզատորը: Ճառագայթները կիզակետվում են օպտիկական և էլեկտրամագնիսական ոսպնյակներով: Էլեկտրոնաճառագայթային մշակումը կատարվում է խոր վակուումի միջավայրում: Կիրառում են փոքր տրամաչափի (մինչև 0,005 մմ) անցքեր մշակելու, կտրելու, զոդելու և այլ դեպքերում: Երրորդ խմբի մեջ մտնում են էլեկտրահիդրավլիկական, մագնիսա-իմպուլսային և ուլտրաձայնային մշակման եղանակները: Էլեկտրա-հիդրավլիկական մշակման դեպքում օգտագործվում է հեղուկ միջավայրում էլեկտրական պարպումներից առաջացած հարվածային ալիքի էներգիան, որը դետալին տալիս է պահանջվող ձևը: Մագնիսա-իմպուլսային մշակման դեպքում օգտագործվում է հզոր իմպուլսային մագնիսական դաշտի ազդեցությունը էլեկտրահաղորդիչ դետալի վրա, որի մեջ ինդուկցվելով ուժեղ իմպուլսային հոսանք, ստեղծվում է ներքին լարվածություն և պահանջվող դեֆորմացիա: Կիրառում են ձևավոր մամլման, կոփման, ծռման, խողովակների ապագրտնակման և այլ դեպքերում: Չորրորդ խումբը միավորում է էլեկտրաքիմիական չափային մշակման եղանակները (նկ. 1), որոնց հիմքում ընկած է անոդային լարման երևույթը (էլեկտրոլիտի միջավայրում գտնվող և հոսանքի աղբյուրի դրական բևեռին միացված անոդ-դետալի ատոմները, անցնելով իոնային վիճակի, միանում են էլեկտրոլիտի համապատասխան իոնների հետ և մշակման գոտուց հեռանում հոսող էլեկտրոլիտի միջոցով): Այս մշակումն առաջարկել են 1928-ին, սովետական գիտնականներ Վ. Ն. Գուսևը և Լ.Պ. Ռոժկովը: Կիրառվում է տուրբինների թիակների, բարդ ձևավոր խոռոչների կտրման, տաշման, հղկման, չափաբերման և այլ դեպքերում: Օգտագործում են 25 վ լարման հաստատուն կամ միաբևեռ իմպուլսային հոսանք, որի խտությունը 10-200 ա է: ՍՄՀՄ-ում թողարկվում են տարբեր մակնիշների ունիվերսալ և հատուկ նպատակների էլեկտրաքիմիական հաստոցներ՝ պատճենահան-փոսատող, շրջատաշ, տուրբինների թիակներ մշակող ևն: Մի շարք մակնիշների հաստոցների ստեղծումը, էլեկտրաքիմիական չափային մշակման եղանակները հետազոտվում են մետաղահատ հաստոցների գիտահետազոտական փորձարարական ինստ-ի Երեվանի մասնաճյուղում, որտեղ նախագծվել և պատրաստվել են 20 տարբեր մակնիշների էլեկտրաքիմիական մշակման հաստոցներ (նկ. 2): 1976-ին ստեղծվեց և ԳԴՀ առաքվեց էլեկտրաքիմիական մշակման «Արարատ-1» մակնիշի ավտոմատ հաստոցը (նկ. 3), որն օգտագործվում է ատամնանիվներ թողարկող ավտոմատ գծերում՝ ատամների և անցքերի ծլեպները հեռացնելու և սուր եզրերը բթացնելու համար:
Գ. Գևորգյան
