Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐ (էլեկտր… և հուն. ուղի), մետաղե, ածխե կամ այլ հաղորդիչներ, որոնցով հաղորդալարերը միանում են էլեկտրական շղթայի իոնային կամ էլեկտրոնային հաղորդականության ոչ մետաղական մասին: Էլեկտրական և ռադիոտեխնիկական սարքերում հոսանքի աղբյուրի դրական բևեռին միացված Է. կոչվում են անոդ, իսկ բացասական բևեռին միացվածները՝ կաթոդ: Գալվանական էլեմենտներում և կուտակիչներում անոդը դրական, իսկ կաթոդը բացասական Է. են: Աղեղային լամպերում Է-ի միջև բռնկվող էլեկտրական աղեղը լույսի աղբյուր է ծառայում: Հողանցման համար մետաղե խողովակների, թիթեղների ձևով պատրաստված Է. թաղվում են հողում: Էլեկտրոնային լամպերում և էլեկտրոնաճառագայթային խողովակներում Է. ծառայում են էլեկտրական դաշտի ստեղծման և կաթոդից արձակված էլեկտրոնների հավաքման համար: Է. օգտագործվում են նաև ֆոտոէլեմենտներում, ռենտգենյան խողովակներում, գագապարպման և աղեղային էլեկտրաեռակցման սարքերում, էլեկտրավառարաններում, բևեռագրության մեջ: Է. ֆիզիոլոգիայում, ֆիզիոլոգիայում և կլինիկական բժշկության մեջ Է. կիրառվում են 2 նպատակով՝ հյուսվածքների (սրտամկան, նյարդային համակարգ, մկաններ) կենսահոսանքները գրանցելու և գրգռելու համար: Է. սովորաբար պատրաստվում են լավ հաղորդիչ մետաղներից (պլատին, արծաթ, պողպատ) և լինում են՝ տափակ, գնդաձև, գոգավոր, ասեղնաձև ևն: Կենսահոսանքները գրանցելու համար Է. դրվում են տվյալ օրգանի մակերեսին կամ համապատասխան մաշկահատվածին (վրադիր Է.), ինչպես նաե ներխրում օրգանի մեջ (սուզվող է.): Վերջիններս ասեղնաձև են և ամբողջությամբ (բացի արտածող ծայրերից) էլեկտրամեկուսացված: Կլինիկական ֆիզիոլոգիայում ավելի գործածական են վրադիր Է., որոնք հյուսվածքը չեն վնասում: Էլեկտրահաղորդականությունը մեծացնելու նպատակով Է. պատվում են ֆիզիոլոգիական լուծույթում թրջված մառլյայով կամ հատուկ մածուկով: Սահմանափակ բջջախմբի կամ առանձին բջջի ու նրա առանձին մասերի կենսաէլեկտրական ակտիվությունը գրանցվում է հատուկ ասեղնաձև միկրո-էլեկտրոդներով, որոնց ծայրի միջաձիգ տրամագիծը չափվում է միկրոններով կամ միկրոնի տասնորդական մասերով: Նշված Է. պատրաստվում են մետաղալարից կամ ապակյա բարակ խողովակներից: Միկրոէլեկտրոդային տեխնիկայի կիրառմամբ առավել ընդլայնվեցին բջջի և սինափսների վերաբերյալ եղած պատկերացումները: