Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈԼԻՏՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐՈԼԻՏՆԵՐ (էլեկտր… և հուն.—քայքայում, տարրալուծում), նյութեր և համակարգեր, որոնք լուծվելիս կամ հալվելիս ձեռք են բերում էլեկտրական հոսանք հաղորդելու ունակություն: Է. կոչվում են նաև երկրորդ կարգի հաղորդիչներ: Լուծվելիս տրոհվում են դրական և բացասական լիցքավորված մասնիկների՝ իոնների: Լուծույթում երկու իոնի տրոհվող Է. կոչվում են համաչափ (սիմետրիկ) կամ բինար, քանի որ այդ դեպքում առաջանում է մեկ կատիոն և մեկ անիոն, որոնց լիցքերը հավասար են: Իսկ եթե Է-ի տրոհման ժամանակ առաջանում են անհավասար թվով անիոններ և կատիոններ (օրինակ՝ Na 2 SO₄-ի լուծույթում), ապա Է. կոչվում են անհամաչափ (ասիմետրիկ): Ըստ առաջացած իոնների թվի, անհամաչափ Է. կոչվում են տերնարային (3 իոն), կվարտերնարային (4 իոն) ևն: Է. պայմանականորեն բաժանում են երկու հիմնական խմբի, ուժեղ (ամբողջովին դիսոցված իոնների) և թույլ (մասնակիորեն դիսոցված): Ուժեղ Է. են ալկալիական և հողալկալիական մետաղների հանքային աղերը, ինչպես նաև որոշ անցումային տարրերի հալոգենիդները, գեր-քլորատները և նիտրատները: Հանքային թթուները և ալկալիները ուժեղ Է. են միայն բավականաչափ նոսր ջրային լուծույթներում, խիտ լուծույթներում դրանք ոչ ամբողջովին են դիսոցված: Թույլ Է. են օրգ. աղերի, թթուների և հիմքերի մեծամասնությունը, ինչպես նաև անօրգանական շատ միացություններ, որոնք լուծույթում առաջացնում են բազմալիցք իոններ: Միևնույն աղը (օրինակ՝ LiCl-ը) կարող է լինել ուժեղ էլեկտրոլիտ՝ ջրային լուծույթում և թույլ՝ փոքր դիէլեկտրիկ թափանցելիությամբ լուծիչներում (օրինակ՝ սպիրտներում, թթուներում ևն): Է-ի լուծույթների ֆիզիկական յուրահատկություններն առաջանում են երկու հիմնական պատճառով, նախ, որ իոնի շուրջը գոյություն ունեցող էլեկտրաստատիկ դաշտի (107 վ սմ լարվածությամբ) շնորհիվ իոնը ուժեղ փոխազդում է լուծիչի մոլեկուլ-դիպոլների հետ՝ առաջացնելով սոլվատացման ոլորտ (ջրային լուծույթի դեպքում՝ հիդրատացման ոլորտ), ապա, որ լուծույթում իոնները փոխազդում են միմյանց հետ՝ էլեկտրաստատիկ ուժերի հաշվին: Օրինակ՝ կոնցենտրացիայի մեծացմանը զուգընթաց լուծույթի էլեկտրահաղորդականությունը մեծանում է միավոր ծավալում պարունակվող իոնների թվին ոչ ուղիղ համեմատական, իսկ լուծույթի կոնցենտրացիայի փոքրացմամբ, այսինքն՝ միջիոնական հեռավորությունը մեծացնելիս, իոնների էլեկտրաստատիկ փոխազդեցությունը թուլանում է և մեծանում շարժունակությունը: Լուծիչի հետ իոնի փոխազդեցության չափանիշը սոլվատացման էներգիան է: Ընդհանուր դեպքում այդ մեծությունը ուղիղ համեմատական է իոնի լիցքի քառակուսուն և հակադարձ համեմատական՝ իոնի բյուրեղագրական շառավղեն: Է. օգտագործում են գիտության մեջ և տեխնիկայում: Դրանցից պատրաստում են էլեկտրական հոսանքի քիմ. աղբյուրներ, ֆիզիկաքիմիական որոշակի հատկությամբ լուծույթներ ևն: Տես նաև էլեկտրոլիտային դիսոցում, էլեկտրոլիզ: