Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈՆԱԳՐԱՖԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐՈՆԱԳՐԱՖԻԱ (էլեկտրոն և … գրաֆիա), նյութերի կառուցվածքի հետազոտման մեթոդ, որի հիմքում ընկած է էլեկտրոնների դիֆրակցիայի (տես Դիֆրակցիա մասնիկների) երևույթը: Վերջինս պայմանավորված է էլեկտրոնների ալիքային հատկություններով: Երբ էլեկտրական դաշտում արագացված էլեկտրոնների փունջն ընկնում է նյութի վրա և ցրվում տարբեր ատոմներից, դիֆրակցիոն պատկեր է առաջանում: Եթե նմուշը բաղկացած է միմյանց նկատմամբ կանոնավոր դասավորված խոշոր բյուրեղներից, ապա էլեկտրոնագրաֆով ստացվող պատկերի՝ էլեկտրոնագրամի վրա երևան են գալիս ցանցի ձևով բաշխված լուսավոր բծեր, իսկ եթե բյուրեղները մանր են և անկանոն դասավորություն ունեն, ապա էլեկտրոնագրամի վրա ստացվում են համակենտրոն օղակներ (նկ. ): Հայտնի են նաև այլ տիպի էլեկտրոնագրամներ: Դիֆրակցիա առաջացնող էլեկտրոնների ալիքի երկարությունը կախված է արագացնող էլեկտրական դաշտի պոտենցիալների տարբերությունից. Ս 100 կվ պոտենցիալների տարբերության դեպքում 0,037 A: Նյութի մեջ այսպիսի էլեկտրոնների թափանցման խորությունը 1000 A կարգի մեծություն է, ուստի Է. բարակ թաղանթների և նյութի մակերևութային շերտերի կառուցվածքի հետազոտման անփոխարինելի մեթոդ է: Էլեկտրոնագրամների ուսումնասիրության, այսինքն՝ տարբեր անդրադարձումների միջև եղած հեռավորությունների, բծերի, գծերի կամ օղակների լայնությունների և սևացման աստիճանի չափման միջոցով հնարավոր է պարզել նմուշի պատկանելությունը բյուրեղային այս կամ այն ընտանիքին (սինգոնիա), որոշել տարրական բջջի պարամետրերը, նմուշում պարունակվող տարբեր բյուրեղների փոխդասավորությունը ևն: Այս տվյալների հիման վրա պատկերացում է կազմվում նմուշի ներքին կառուցվածքի մասին: Բյուրեղներում ծանր տարրերի ատոմների առկայության դեպքում թեթև տարրերի ատոմների դիրքը որոշելու համար Է. շատ ավելի հարմար է, քան ռենտգենոգրաֆիկ մեթոդը, քանի որ էլեկտրոնները ցրվում են միջուկներից և էլեկտրոնային թաղանթների ստեղծած էլեկտրաստատիկ պոտենցիալներից, իսկ ռենտգենյան ճառագայթները՝ ատոմների էլեկտրոնային թաղանթներից: Է. լայնորեն կիրառվում է մետաղների և դրանց օքսիդացման պրոցեսների, օքսիդների, համաձուլվածքների, որոշ հանքատեսակների (օրինակ՝ կավային) կառուցվածքի, նյութերում առաձգական և ոչ առաձգական դեֆորմացիաների պատճառով առաջացած լարումների ուսումնասիրման համար: Է. նաև գազերում և գոլորշիներում մոլեկուլների կառուցվածքի հետազոտման արդյունավետ մեթոդ է: Միկրոէլեկտրոնիկայի զարգացման հետ ներկայումս մեծացել է Է-ի դերն ու նշանակությունը մետաղական, կիսահաղորդչային և ամորֆ թաղանթների կառուցվածքի ուսումնասիրման գործում:

Գրկ. Пинскер 3. Г., Диффракция электронов, М. Л., 1949 Вайнштейн Б. К., Структурная электронография, М», 1956 Шишаков Н. А., Основные понятия структурного анализа, М., 1961.

Մ. Չալաբյան