Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈՆԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐՈՆԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿ, մեկ կամ մի քանի կառավարվող էլեկտրոնային ճառագայթներով էլեկտրավակուումային սարք: Է. խ-ի նախատիպը Բրաունի խողովակն է, որը 1897-ին պատրաստել է գերմանացի ֆիզիկոս Բրաունը: ժամանակակից Է. խ-ի աշխատանքը հիմնված է էլեկտրոնների էմիսիայի (ներքին ու արտաքին ֆոտոէֆեկտ) հետ կապված ֆիզիկական տարբեր երևույթների կամ էլեկտրոնների հոսքով ճառագայթելիս նյութի հատկությունների փոփոխման վրա: Պարզագույն Է. խ. ապակե կոլբա է, որում ստեղծվում է բարձր վակուում: Կոլբայի մի ծայրում տեղավորվում է ֆլուորեսցենցող էկրանը, իսկ մյուսում՝ էլեկտրոնների նեղ ուղղորդված հոսք ստեղծող էլեկտրոնային լուսարձակը: Վերջինս բաղկացած է էլեկտրոններ արձակող շիկացման կաթոդից, էլեկտրոնների հոսքի ինտենսիվությունը փոփոխող մոդուլյատորից (կառավարող էլեկտրոդ) և մի քանի անոդներից: Նեղ էլեկտրոնային ճառագայթը ձևավորվում է էլեկտրաստատիկ կամ էլեկտրամագնիսական ոսպնյակների միջոցով: Էլեկտրոնային ճառագայթն ընկնելով էկրանի վրա, առաջացնում է լուսավորված բիծ, որի պայծառությունը կախված է էլեկտրոնների արագությունից, ճառագայթում հոսանքի խտությունից, էկրանի հատկությունից և ճառագայթի շեղման արագությունից: Էլեկտրոնային ճառագայթի ծայրը տեղաշարժվում է էկրանով շեղող սարքի էլեկտրական կամ մագնիսական դաշտի ազդեցությամբ: Է. խ-ները փոխակերպում են տեսանելի պատկերները էլեկտրական ազդանշանների (հաղորդող Է. խ.), էլեկտրական ազդանշանները և անտեսանելի (օրինակ՝ ինֆրակարմիր) ճառագայթները՝ տեսանելի պատկերների (էլեկտրոնա-օպտիկական փոխակերպիչ): Է. խ-ներն օգտագործվում են նաև էլեկտրական ազդանշանների կուտակման համար (հիշող խողովակներ):