Jump to content

ՀՍՀ/ԷԼԵԿՏՐՈՆԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՀԱԼՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԷԼԵԿՏՐՈՆԱՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՀԱԼՈՒՄ, մաքուր և գերմաքուր մետաղների ստացման մեթոդ: Հիմնականում կիրառվում է դժվարահալ մետաղների և նրանց համաձուլվածքների վերահալման (բարձր ջերմաստիճանի և նոսրացման պայմաններում) համար: Է. հ-ման վառարանում մետաղների տաքացման և հալման համար օգտագործվում է մեծ արագությամբ թռչող ագատ էլեկտրոնների կտրուկ արգելակման ժամանակ անջատված էներգիան (երբ նրանց շարժման կինետիկ էներգիան փոխակերպվում է ջերմայինի): Ազատ էլեկտրոնների աղբյուր է բարձր վակուումի պայմաններում մինչն բարձր ջերմաստիճաններ տաքացած մետաղե ձողիկը կամ թիթեղը, որից պոկված էլեկտրոնները (ջերմաէլեկտրոնային էմիսիա) հատուկ հավաքող, շեղող և ուղղող հարմարանքների օգնությամբ հավաքվում և ճառագայթի ձևով ուղղվում են դեպի հալվող մետաղը (բովախառնուրդը): Բարձր նոսրացման պայմաններում մետաղը հալելու և հեղուկ վիճակում երկար ժամանակ պահելու հնարավորությունը լավ պայմաններ է ստեղծում մետաղի գազազերծման և զտման համար: Է. հ. կիրառվում է 1950-ից և այժմ լայն տարածում է ստանում մետալուրգիայի մի շարք բնագավառներում:

Լ. Գասպարյան